Հանրային հասցեներ նախագծի շրջանակներում ուսումնասիրվել են 1980-ականներին բացված Կոմերիտմիության այգի (շուրջ 20 հեկտար) եւ Ֆանտաններ (շուրջ 10 հեկտար) զբոսայգիները, որոնք միմյանցից բաժանվում են Վազգեն Սարգսյան (նախկին Լենինգրադյան) փողոցով եւ ավարտվում Անտառավան (նախկին Մանուշյան) փողոցում: Վաղ 1990-ականներից մինչ օրս այս տարածքներում հաստատված են տնակային ավաններ, որտեղ, ի թիվս թիթեղե տնակների, կառուցվել են նաեւ քարե շինություններ: Չնայած 2005-ին հաստատված Գյումրու գլխավոր հատակագծում այս հանրային տարածքները երեւում են մեծամասամբ կանաչ, այսինքն՝ հեռանկարում ենթակա են վերականգնման, դրանք այսօր ենթակա են նաեւ սեփականաշնորհման: Այգիների բնակիչները մեծամասամբ ցանկանում են սեփականաշնորհել իրենց բնակեցրած տարածքները: