Հեղինակներ` Արեւիկ Մարտիրոսյան, Վահե Բուդումյան
Էյֆորիա. (հին հուն. εΰ` «լավ» եւ φέρειν` «կրել») զգացմունքային եւ մտավոր վիճակ` բնութագրվող ցնծության եւ երջանկության ուժեղ զգացողությամբ:
2011 թ.-ի հունվարի 1-ին, քաղաքապետ Կարեն Կրապետյանի որոշմամբ, Երևանում արգելվեց բացօթյա առեւտուրը, ինչին հաջորդեցին բողոքի պարբերական ակցիաներ: Ապրուստի միակ միջոցը կորցրած բացօթյա առեւտրով զբաղվող անձինք պահանջում էին վերականգնել իրենց աշխատատեղերը: Բողոքի ցույցեր տեղի ունեցան տարբեր պետական կառույցների առջև` Երևանի Քաղաքապետարան, Կառավարության շենք, ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, Նախագահական նստավայր, միաժամանակ կազմակերպվեցին ստորագրահավաքներ, մամուլի ասուլիսներ եւ հանրային լսումներ: Սակայն առեւտրականներին խոստացված այլընտրանքային լուծումներն այդպես էլ չիրագործվեցին` խնդիրը թողնելով անլուծում:
«Էյֆորիան» էքսպերիմենտալ ֆիլմ է (տեւողությունը 25 րոպե) որը, օգտագործելով տարբեր լրատվական աղբյուրների տեսանյութեր եւ սիրողական նկարահանումներ, պատմում է բացօթյա առեւտրով զբաղվող մարդկանց պայքարի, ոստիկանական ուժերի հետ բախման եւ դրան հաջորդած տարբեր մեկնաբանությունների մասին:
Ֆիլմը վերախմբագրված մեդիա նյութերի եւ հարցազրույցների համադրություն է, որը նպատակ ունի լրատվության լեզվական կառույցի ապամոնտաժմամբ` վերջինիս հաղորդել նոր նպատակ եւ իմաստային լիցք:
«Էյֆորիա» ֆիլմը առաջարկ է օգտագործելու տեսանյութերի առցանց պահոցները` որպես դիմադրողական ֆիլմերի ստեղծման աղբյուր: