Իշխանությունը եւ բռնությունը ոչ միայն քաղաքական, այլ նաեւ սոցիալական բառապաշարում կենտրոնական տեղ են զբաղեցնում: Ընդ որում այս երկու հասկացությունները եւ այս երկու բառերը մեկը մյուսի հետ հաճախ սերտորեն կապակցվում են:
Հին Հունաստանում իշխանությունը նշանակող երկու բառեր կային. առաջինը αρχή /արխե/-ն է, որը թարգմանաբար նշանակում է սկիզբ, արմատ, աղբյուր, եւ մեզ հայտնի անարխիա, օլիգարխիա, պոլիարխիա, մոնարխիա բառերն իրենց կազմության մեջ ունեն αρχή բառը: Երկրորդը Κράτος /կրատոս/ բառն է, որը եւս նշանակում է իշխանություն: Սակայն եթե αρχή -ի դեպքում շեշտը դրվում էր հենց սկիզբ դնելու իրողության վրա, ապա Κράτος -ը հայտնի է, որ հունական դիցաբանության մեջ կերպար էր` ուժը եւ զորությունը մարմնավորող տիտան: Մեզ հայտնի քաղաքական բառապաշարում դեմոկրատիա, արիստոկրատիա, ավտոկրատիա հասկացությունները իրենց կազմության մեջ պարունակում են հենց Κράτος-ը: Հետաքրքիր է, որ այս երկու հասկացությունները կամ այս երկու բառերը մի կողմից ցույց են տալիս իշխանության սկիզբ դնելու, իսկ հետո, ինչպես կտեսնենք, նաեւ փոխելու հնարավորությունը, եւ մյուս կողմից ցույց են տալիս հզորության եւ ուժի առկայությունը կամ պարտադրությունն ու անհրաժեշտությունը:
Ժամանակակից անգլերենում օգտագործվող power բառն ունի լատինական ծագում եւ առաջացել է posse բառից, ինչը նշանակում է ի վիճակի լինել: Իհարկե power-ն այսօր մենք կթարգմանենք իբրեւ զորություն կամ իբրեւ իշխանություն: Բայց միջնադարյան իմաստով posse-ն հղում է ոչ միայն ուժին եւ ոչ միայն կարողությանը, այլ նաեւ` ունեցվածքին: Այսինքն` զորեղ է նա, ով ունի որոշակի ունեցվածք, սեփականություն, իսկ ավելի հաճախ հենց շեշտադրվում էր տարածքն իբրեւ ունեցվածք, տարածքն իբրեւ սեփականություն ունենալը:
Պետք է ասել, որ իշխանության ֆենոմենը հասկանալու հնարավորություններից մեկն այն է, թե այն պիտի հասկանանք իբրեւ ի՞ր, առարկա՞: Երկրորդը այն պիտի հասկանանք իբրեւ հատկությու՞ն, եւ արդյո՞ք կարող ենք այն հասկանալ իբրեւ հարաբերություն: Ընդ որում պատմականորեն առաջացել է սկզբում իշխանության իբրեւ հատկության ըմբռնումը, հետո նոր միայն իշխանության իբրեւ առարկայի եւ իշխանության իբրեւ հարաբերության ըմբռնումները: Եվ իշխանության իբրեւ իրի եւ իշխանության իբրեւ հարաբերության ըմբռնումները ուղղակի իրենց գոյության տեսանկյունից կապված են իշխանության իբրեւ հատկության ըմբռնմանը: 17-րդ դարի հայտնի քաղաքական մտածող Թոմաս Հոբբսը գրում է. «Համընդհանուր առումով մարդու զորությունը նրա ներկա միջոցներն են ձեռք բերելու ինչ-որ ապագա երեւութական բարիք եւ կամ բնական է կամ գործիքային: Բնական զորությունը մարմնի կամ մտքի ձիրքերի գերազանցությունն է…: Գործիքային են այն զորությունները, որոնք, ձեռք բերված դրանց կամ ճակատագրի բերումով, միջոցներն են կամ գործիքներ` ձեռք բերելու ավելի շատ ունեցվածք, համբավ, ընկերներ… :…. Բայց մարդկային զորություններից ամենաբարձրն այն է, ինչը բաղադրյալ է մարդկանց մեծ մասի զորություններից` համաձայնությամբ միավորված մեկ բնական կամ քաղաքացիական անձի մեջ, ինչն ունի իր կամքից կախված նրանց բոլորի զորությունների կիրառումը. դա պետության զորությունն է…»: Թ. Հոբբսը զորությունը հասկանում է ոչ միայն իբրեւ հատկություն, այլ նաեւ` առարկա եւ իր, որովհետեւ մարդիկ համաձայնությամբ որոշում են իրենց զորությունը փոխանցել մեկ անձի: Թ.Հոբբսը նաեւ ակնարկում է, որ կա զորության մի տեսակ, որը ձեւավորվում է հարաբերության մեջ եւ այդ զորությունը քաղաքական զորությունն է կամ այս դեպքում կարող ենք ասել քաղաքական իշխանությունը:
Բայց հարց է առաջանում թե մենք ի՞նչն իրավունք ունենք զորություն անվանելու: Այս դեպքում զորություն նշանակում է արդյունավետ ազդեցություն: Հետեւաբար` մարդու այն կարողությունն է զորություն, որի հնարավորությամբ կարող ենք արդյունավետ ազդել: Ժամանակակից տեսաբաններից մեկը իշխանությունը սահմանում է այսպես. «Ամենաընդհանուր իմաստով անձի կամ խմբի իշխանությունը նրանց կարողությունն է առաջացնել, եթե ցանկալի է, աշխարհի ապագա վիճակները` ինչպես տրված է մասնակի համատեքստում մասնակի միջոցներով»: Այսինքն` իշխանությունը իրականում փոխակերպող ակտ է. եթե իշխանությունը սահմանում ենք կամ հասկանում ենք իբրեւ զորություն կամ կարողություն, դա այն հատկությունն է, որը կարող է աշխարհում ինչ-որ բան փոխել: Եթե անտիկ աշխարհի երկու իմաստները միացնենք, ստացվում է, որ իշխանությունը ինչ-որ երեւույթ սկիզբ դնելու կամ փոխելու զորությունն է:
Քաղաքական իշխանության իբրեւ բացառապես սոցիալական ֆենոմենի մասին հատկապես շեշտադրում է 20-րդ դարի այնպիսի քաղաքական տեսաբան ինչպիսին Հաննաh Արենդտն է, ում իշխանության ըմբռնումը խիստ վճռական դեր է խաղացել, հատկապես, իշխանության եւ բռնության միջեւ սահմանագծեր դնելու հարցում: Եվ ահա Հաննահ Արենդտը գրում է, որ. «Իշխանությունը համապատասխանում է մարդկային կարողությանը ոչ թե պարզապես գործելու, այլ գործելու մասին: Իշխանությունը երբեք անհատի սեփականությունը չէ, այլ այն պատկանում է խմբին եւ գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ խմբին միասին է պահում: Երբ մենք ինչ-որ մեկի մասին ասում ենք, որ նա իշխանություն ունի, ապա մենք, ըստ էության, հղում ենք նրա որոշակի թվով մարդկանց կողմից արտոնված լինելը` գործելու իրենց անունից»: Միանգամից հղում կա դեպի Հոբբսը` բոլորը համաձայն են իրենց զորությունը փոխանցել մեկին ձեւավորելու զորության կամ իշխանության բարձրագույն տեսակը: Մարդկային համայնքները ընդհանրապես հնարավոր չէ պատկերացնել առանց քաղաքական իշխանության գոյության: Այսինքն` յուրաքանչյուր մարդկային քաղաքական համայնք, եթե գոյություն ունի, ինքն արդեն սկիզբ է դնում որոշակի քաղաքական իշխանության:
Եթե իշխանությունը մարդու կամ անձանց կարողությունն է ինչ-որ բան փոխելու աշխարհում, ապա հարց է առաջանում փոխելու թիրախում ի՞նչն է հայտնվում: Մեզ կարող է թվալ, որ փոխելու թիրախում կարող են հայտնվել, օրինակ, գոյություն ունեցող կանոնները, օրենքները, սոցիալական հաստատությունները, կարող է հիմնական թիրախը լինել ի վերջո հանրային բարիքը, բարիքին հասնելը: Բայց 20-րդ դ. երկրորդ կեսին ոչ պակաս կարեւոր եւ իշխանության ըմբռնման հարցում առանցքային դեր խաղացած Միշել Ֆուկոն էապես փոխում է մեր պատկերացումը իշխանության մասին: Նախ պետք է ասել, որ Ֆուկոն իր մի քանի տեքստերում ունի այսպիսի շեշտադրում.
«Ինձ ոչ այնքան հետաքրքրում է, թե ինչ է իշխանությունը կամ որն է նրա աղբյուրը, որքան ինչպես է այն գործադրվում»: Իրականում Մ. Ֆուկոյի տեքստերում կարելի է գտնել իշխանության կոնկրետ սահմանումներ: Բայց այդ կոնկրետ սահմանումներին անցնելուց առաջ` Մ. Ֆուկոն հիշեցնում է, որ իշխանությունը ոչ այնքան տրված է, ոչ փոխանակված, ոչ էլ վերականգնված: Այն գոյություն ունի միայն գործողության մեջ: Այն նախեւառաջ ուժի հարաբերություն է: Մ. Ֆուկոյի շեշտադրումը, որ այն ոչ տրված է, ոչ փոխանակած ուղղակի քննադատություն է սոցիալական պայմանագրի բոլոր այն տեսաբաններին, ում համոզմամբ կարելի էր իշխանությունը փոխանցել որեւէ մեկին: Քանի որ սոցիալական պայմանագրի տեսաբանները համոզված էին, որ ի բնե մարդուն տրված է իշխանության իրավունք եւ, ըստ էության, կարելի է այն փոխանցել իբրեւ իր կամ առարկա, ապա Մ. Ֆուկոն կարծում է, որ այսպիսի ըմբռնմամբ մենք, ըստ էության, իշխանությունը հասկանում ենք իբրեւ տնտեսական երեւույթ, ավելի ճիշտ իշխանության մասին մեր պատկերացումները մի քիչ տնտեսականացնում ենք: Դրա փոխարեն նա ուզում է առաջին հերթին իշխանությունը հասկանալ իբրեւ ուժերի միջեւ հարաբերությունն, եւ այդ ուժերի միջեւ հարաբերությունը ենթադրում է, որ ուժերը երբեւէ չեն հասնում հավասարակշռության, այսինքն` իշխանությունը իրականում պայքար է, բախում է, ինչպես ինքն է ասում պատերազմ, որը կարող է շարունակվել այլ միջոցներով: Այդ ուժերի միջեւ որոշակի հարաբերությունն իր արտահայտությունն է գտնում տվյալ հասարակության պրակտիկաներում, դիսկուրսներում: Բայց պարզվում է, որ իշխանությունը ոչ միայն փորձում է առարկայանալ այդ դիսկուսներում, պրակտիկաներում եւ ինստիտուտներում, այլ նաեւ իշխանությունը, համենայնդեպս 18-րդ դ. սկսած` ըստ Մ. Ֆուկոյի, իր թիրախում ունի մարդկային մարմինը, եւ Ֆուկոն մի այսպիսի հասկացություն է շրջանառության դրել` կենսիշխանության հասկացությունը, որը սահմանում է հետեւյալ կերպ. «Կենսիշխանություն ասելով` ես նկատի ունեմ մեխանիզմների հավաքակազմ, որոնց միջոցով մարդկային տեսակի հիմնական կենսաբանական հատկությունները դարձան քաղաքական ռազմավարության, իշխանության ընդհանուր ռազմավարության օբյեկտ»: 18-րդ դ. սկսած ձեւավորվում է այնպիսի հասարակության տեսակ, իսկ ինքը նկատի ունի հիմնականում արեւմտյան հասարակությունները, որոնց դեպքում քաղաքական իշխանության թիրախը, ռազմավարության օբյեկտը մարդկային մարմինն է, եւ դրա հետեւանքով մարդկային ժեստերը, ցանկությունները, ձգտումները ձեւավորվում են հենց իշխանության շնորհիվ: Եթե թվում է, թե իշխանության թիրախը պիտի լինեն օրենքները, ինստիտուտները, այսուհետ իշխանության թիրախը մարդու ցանկություններն են, ժեստերն են, լեզուն, եւ լեզվի գործածության, բառերի, ժեստերի մեջ կարելի է հենց ուժերի միջեւ այդ դիսբալանսը պատկերացնել: Այսպիսով, Մ. Ֆուկոն առնվազն առաջարկում է իշխանության երեք սահմանում.
Երբ իշխանությունը սահմանվում է իբրեւ ռազմավարությունների ու ընթացակարգերի հավաքակազմ, ապա Մ. Ֆուկոն դրանք հասկանում է իբրեւ ռեպրեսիվ, բռնաճնշող ընթացակարգեր եւ ռազմավարություններ: Սակայն Մ. Ֆուկոյի բուն ուսմունքը ցույց է տալիս, որ իշխանական հարաբերությունները ոչ միայն ենթադրում են ռեպրեսիաներ, այլ նաեւ իշխանությունը կամ իշխանական հարաբերությունը հնարավոր են միայն ազատության դեպքում, որովհետեւ ուժերից մեկը իր գործողությունը ուղղում է մեկ ուրիշ ուժի: Իսկ ուրիշը ուժ է, եթե ունի հնարավորություն գործողությունների դաշտից ընտրել որեւէ մեկը: Այլ կերպ ասած` առանց ազատության կանխադրման Ֆուկոյի տեսանկյունից իշխանություն հնարավոր չէ: Ցանկացած իշխանություն կարող է հանդիպել դիմադրության:
Հարց կարող է առաջանալ, թե իսկ ի՞նչ հարաբերության մեջ կարող են այս դեպքում գտնվել իշխանությունը եւ բռնությունը: Եթե իշխանությունը ուժ է, զորություն է, ապա որ ուժի եւ որ զորության մասին է խոսքը: Արդյո՞ք բացառապես ֆիզիկական ուժի, թե ուժերը այլ բնույթի էլ կարող են լինել: Հոբբսը ցույց տվեց, որ ուժը միայն ֆիզիկական լինել չի կարող: Բայց պետք է ասել,որ քիչ չեն եղել նաեւ այն տեսաբանները, ում համար ֆիզիկական բռնությունը եւ իշխանությունը նույնական են: Հատկապես գերմաներեն լեզվում կա մի բառ` Gewalt, որը կարելի է թարգմանել ե՛ւ բռնություն, ե՛ւ իշխանություն: Սա ցույց է տալիս, որ եղել է ժամանակ եւ եղել են մտածողներ ովքեր ֆիզիկական բռնությունը եւ իշխանությունը նույնացրել են: Մասնավորապես, իշխանությունը հասկացել են իբրեւ մեղմացված բռնություն, ինստիտուցիանալացված բռնություն: Կամ բռնությունը համարել են իշխանության ամենացայտուն, ծայրահեղ ձեւերից մեկը:
Իհարկե բռնության, ֆիզիկական բռնության եւ իշխանության փոխհարաբերությունները կամ դրանց միջեւ ուղղակի առնչությունները կարելի է տեսնել, որովհետեւ իշխանությունները կարող են կիրառել ֆիզիկական բռնություն: Բայց բռնության այսօրվա պատկերացումները ավելի լայն են, քան մենք կարող ենք ենթադրել: Այդ կապակցությամբ կցանկանայի հիշատակել Յոհան Գալթունգին, ով առաջարկել է բռնության նոր տեսակներ: Բացի ուղիղ կամ ֆիզիկական բռնությունից, նրա համոզմամբ, գոյություն ունեն նաեւ կառուցվածքային եւ մշակութային բռնություններ: Ընդ որում Յ. Գալթունգը կարծում է, որ կառուցվածքային բռնությունը ոչ այլ ինչ է, քան` շահագործումը, կամ երբ որոշ սոցիալական խմբեր բարիքներին, հնարավորություններին ավելի մեծ հասանելիություն ունեն, քան` մնացած բոլոր խմբերը: Ավելին` մշակութային բռնությունը մեր այն պատկերացումներն են, դիրքորոշումները, օրինակ, արտահայտված լեզվում, արվեստում, գաղափարաբանության եւ նույնիսկ գիտության մեջ, որոնք լեգիտիմացնում են կառուցվածքային բռնությունը: Իհարկե պետք է ասել, որ Յ. Գալթունգի դեպքում ակնհայտ է, որ նա իշխանությունը եւ իշխանական հարաբերությունները հասկանում է իբրեւ ասիմետրիկ հարաբերություններ, այսինքն տիրապետման հարաբերություններ, երբ որեւէ սոցիալական խումբ իր կամքը փաթաթում է մեկ այլ սոցիալական խմբի: Այդ ասիմետրրիկ հարաբերության մեջ հնարավոր է ոչ միայն, օրինակ, ֆիզիկական բռնությունը, որը համարում են իբրեւ ֆիզիկական ուժի կիրառմամբ այլ մարդուն դիտավորյալ վնաս հասցնելը, այլ նաեւ` փորձում է ցույց տալ, որ իշխանական հարաբերությունների, ասիմետրիկ հարաբերությունների շնորհիվ հնարավոր է նաեւ կառուցվածքային եւ մշակութային բռնություններ:
Նաիրա Մկրտչյան
Գրականություն
Ледяев В.Г., Власть: концептуальный анализ. М.: “Российская политическая энциклопедия” (РОССПЭН), 2001. http://filosof.historic.ru/books/item/f00/s01/z0001076/st000.shtml
Frank Lovett, Power, In: A Companion to Contemporary Political Philosophy, ed R. E. Goodin, Ph. Pettit, Th. Pogge, 2nd Edition, (Malden-Oxford: Blackwell Publishing), vol. II, 2007. http://sjmse-library.sch.ng/E-Books%20Phil/a%20companion%20to%20comt.%20political%20philosophy.pdf
Johan Galtung, Cultural Violence, Journal of Peace Research, Vol. 27, No. 3. (Aug., 1990), pp. 291-305. http://www2.kobe-u.ac.jp/~alexroni/IPD%202014%20readings/IPD%202014_2/Cultural%20Violence%20(Galtung).pdf
ACTV նախագիծ
Ֆոկուս արվեստի ՀԿ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025,
Չարենցի փ. 4 շ. բն. 37
էլ. հասցե` actv@focus.org.am
Հեռ. +374 55 781874
ACTV նախագիծ. Ֆոկուս արվեստի ՀԿ Բոլոր նյութերն օգտագործելի և տարածելի են՝ միմիայն հեղինակի անունը նշելու և կայքի ակտիվ հղումը տեղադրելու պարտադիր պայմանով և ոչ առևտրային նպատակներով։ ACTV project. Focus Art NGO. All content on the website is free for use for non-commercial purposes and share-alike provided that authors and active links of materials are mentioned.