Արվեստի քննադատ Անժելա Հարությունյանը խոսում է արվեստի սոցիալական ֆունկցիայի և արվեստի ինքնավարության հասկացությունների, նրանց միջև եղած հակասությունների մասին՝ հայսատանյան համատեքստում
Վարդան Ազատյան
01.11.2013
ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ԱՐՎԵՍՏԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԵՒ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
Սոցիալիստական ռեալիզմը Սոցիալիստական ռեալիզմի բուն տեսությունը, որը մշակել էին Գեորգ Լուկաչը եւ Միխայիլ Լիֆշիցը, արվեստի ինքնավարությունը չի ըմբռնում որպես «ավելցուկ»: Նրանք համարում էին, որ սոցիալիստական ռեալիզմը մարդկային իդեալի վերապատկերման առանձնահատուկ հմտություն է, իդեալ, որը ներհատուկ է հենց իրականությանը: Այլ հարց է, թե սոցիալիստական ռեալիզմի այս տեսությունը ինչպես այլասերվեց ստալինյան համատեքստում:
«Ազգային մոդեռնիզմը» 1960-ականների «ազգային մոդեռնիստները» մաքուր արվեստի եւ ազգային արվեստի միջեւ հակասություն չէին տեսնում, քանի որ մաքուր արվեստն ընկալում էին որպես ազգային ավանդույթ, որն իր շարունակությունն էր գտնում արվեստագետների անհատականության մեջ եւ համապատասխանաբար՝ դրսեւորվում արվեստում:
3-րդ հարկը Քաղաքական դիսկուրսների ու արվեստի իրադրությունների կապը չափազանց ուղղակիորեն է դիտված: Քաղաքականությունը կարող է (ուստի երբեմն նաեւ չի կարող) լինել արվեստի ստեղծման պայման, բայց արվեստը չի կարելի բացատրել միայն այդ պայմաններով: Խնդիրն այն է, որ պետք է արվեստում բացահայտել այն, ինչը անցնում է տվյալ արվեստի ստեղծման քաղաքական պայմանները: 3-րդ հարկի դեպքում սա նշանակում է բացահայտել այն ստեղծագործական սկզբունքներն ու կատարելաեղանակները, որոնք հաղթահարեցին Վերակառուցումն ու շարունակվեցին ու շարունակվում են մինչեւ այսօր:
Կարծում եմ սխալ է 3-րդ հարկը ներկայացնել որպես «հոգու ճիչի» դիսկուրս: Հատկանշական է, որ այս ասելիս բանախոսի խոսքում կա երկմտանք. թվարկվում են այլ հատկանիշներ, վերջում գալով առավել ընդունելի հասկացության՝ «ազատության» իդեալին: 3-րդ հարկում արվեստը ամբողջությամբ մշակույթի դեմ պայքարելու գործիք չէր: Օրինակ կային գործիչներ (Նազարեթ Կարոյան, իսկ որպես առավել ակնառու օրինակ կարող ենք դիտարկել Հերիքնազ Գալստյանին), որոնք չէին կիսում արվեստ/մշակույթ հակադրությունը: 3-րդ հարկը ավելի շուտ մշակույթը առաջ տանելու, այն կենդանացնելու, «բարձրացնելու» օրակարգ ուներ:
ԱԿՏ-ը ԱԿՏ-ում խնդիրը ոչ թե «մաքուր արվեստն» էր, այլ «մաքուր ստեղծագործությունը»: Վերջինս մտածված էր որպես «արվեստը» հաղթահարելու միջոց: «Մաքուր ստեղծագործությունը» արվեստային լինելուց ձերբազատված արվեստն է: Իհարկե, սա շատ նուրբ տարբերություն է, ինչն աչքաթող անել կարող է, ըստ էության, յուրաքանչյուրը (ժամանակին՝ նաեւ ես), բայց այնուամենայնիվ հիմնարար է՝ ԱԿՏ-ի օրակարգը ըմբռնելու տեսակետից:
Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ արդեն ակնհայտ էր, որ ԱԿՏ խմբի որոշ առանցքային արվեստագետների ստեղծագործական սկզբունքները էական շրջադարձ են ապրել: Այնպես որ, նրանց արվեստում տեղի ունեցած փոփոխությունը բացատրելի չէ Տեր-Պետրոսյանի հրաժարականով:
2000-ականները Իբրեւ քննարկման մեկնակետ ընդունելով Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն, կանխադրվում է, որ արվեստագետները սկսեցին ենթարկեցնել իրենց քաղաքականությանը եւ կորցրին արվեստի ինքնավարության արժեքը: Բայց այս դրույթը տարօրինակ է հնչում ընդհանուր խոսքի ֆոնին, որտեղ ենթադրվում էր, որ ի սկզբանե արվեստն արդեն իսկ կորցրել է իր ինքնավարությունը՝ քաղաքականության առջեւ: Որքան էլ այս մտքի մեջ ճշմարտություն կա, այդ ճշարտությունը գործում է շատ կոպիտ մակարդակում: Եթե իսկապես արվեստի ինքնավարության պաշտպանության խնդիր կա, ապա պետք է այս կոպիտ մակարդակից զատ, ուշիմ եւ մանրակրկիտ հայացքով դիտել արվեստը:
Ավելին, ճիշտ չէ ասել, թե սոցիալական արվեստ Հայաստանում չկա 2000-ականներին: Չի կարելի մոռացության տալ այն գործունեությունը, որն իրականացնում են այնպիսի խմբեր, ինչպիսիք են Արտ Լաբորատորիան (փողոցային արվեստի ասպարեզում), Քուիրինգ Երեւանը (սեռի քաղաքականության ասպարեզում): Անհատ արվեստագետներից Կարեն Անդրեասյանի, Արման Գրիգորյանի, Գրիգոր Խաչատրյանի, Տիգրան Խաչատրյանի եւ այլոց 2000-ականների գործունեությունը առնվազն ամբողջությամբ չի կարելի համարել նույնական քաղաքական օրակարգին: Իսկ եթե բանախոսի կարծիքն այն է, որ հենց այս խմբերի եւ արվեստագետների գործունեությունն էլ հենց քաղաքականության կողմից արվեստի կլանման վկայությունն է, ապա դա ավելի շուտ հետեւանք է խնդրի հանդեպ մոտեցման, քան թե իրողություն: Հարցն այն է, թե ցանկություն կա՞ արվեստի հանդեպ ցուցաբերել տարբերակված մոտեցում, թե՝ ոչ: Արվեստում ինքնավարության կարեւորումը չի կարող նման մոտեցում չենթադրել:
ACTV նախագիծ
Ֆոկուս արվեստի ՀԿ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025,
Չարենցի փ. 4 շ. բն. 37
էլ. հասցե` actv@focus.org.am
Հեռ. +374 55 781874
ACTV նախագիծ. Ֆոկուս արվեստի ՀԿ Բոլոր նյութերն օգտագործելի և տարածելի են՝ միմիայն հեղինակի անունը նշելու և կայքի ակտիվ հղումը տեղադրելու պարտադիր պայմանով և ոչ առևտրային նպատակներով։ ACTV project. Focus Art NGO. All content on the website is free for use for non-commercial purposes and share-alike provided that authors and active links of materials are mentioned.