1990-ականների վերջից ի վեր Երեւանի քաղաքային տարածության մեջ կատարվում են տարատեսակ փոփոխություններ, որոնք ծնում են բազմաթիվ հարցեր. ինչպես են փոխվում մեզ շրջապատող միջավայրերի իմաստները, ինչ նոր նշանակություններ են ավելանում, ինչ նշանակություններ` քիչ-քիչ ջնջվում, ովքեր են շահագրգռված այդ իմաստային փոփոխությունների եւ ովքեր` պահպանման համար, ովքեր եւ ինչպես են պայքարում հանուն այլընտրական իմաստների: Այս փոփոխությունների ընթացքը կարելի է բնութագրել երեք հիմնական չափումներով. շարունակվող խորհրդային-խորհրդահայկականը, որը շարունակ իմաստափոխվում է հենց համատեքստի փոփոխության պատճառով, ինչպես նաեւ քաղաքային տարածության ազգայնացման ու կոմերցիալացման հակընդդեմ միտումները: Որպես ընդհանուր համատեքստի ցայտուն գիծ (հատկապես վերջին մի քանի տարիների համար)` կարելի է նշել քաղաքային տարածության տեղեկատվայնացումը, տեղեկատվական-հաղորդակցական ցանցի աճող սոցիալական նշանակությունը:
Անկախության առաջին տարիների համար բնորոշ էր խորհրդային անցանկալի հետքերը ջնջելու եւ դրանով իսկ` քաղաքի պատմության եւ քաղաքի տարածության ազգայնացման ձգտումը: Հրապարակների, փողոցների եւ այլ վայրերի ու շինությունների վերանվանումները, արձանների տեղահանումն ու նորերի զետեղումը փորձ էին քաղաքի մարմնի վրա արտացոլելու ազգային պատմական անցյալը` ի դեմս փառապանծ նախնիների ու մեծ իրադարձությունների:
Վերը նշված հարցերին անդրադառնալու եւ մասնավորապես Երեւանի սոցիալիստական անցյալի ու ներկա ընթացքների փոխհարաբերությունը քննարկելու տեսանկյունից առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում երկու կոթողային կառույցներ` Մայր Հայաստանը (ՙՀաղթանակի զբոսայգու հետ միասին) եւ Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված կոթողը (Կասկադի ողջ տարածքի հետ միասին)` իրենց նմանություններով ու տարբերություններով հենդերձ:
Խիստ համառոտ ձեւով դրանք կարելի է բնութագրել հետեւյալ կերպ. երկուսն էլ, մնալով խորհրդային գաղափարաբանության նշաններով հագեցած, էապես կորցրել են իրենց մոնումենտալության դիսկուրսային չափումը, դրանց` սոցիալիստական ուտոպիականությունից անբաժան պատգամները կամ մեծապես վերափոխվել են, կամ դարձնել բոլորովին անընթեռնելի: Այդուհանդերձ, առաջինն ավելի մեծ չափով է կապված խորհրդային անցյալի հետ եւ ետխորհրդային շրջանի միջամտությունները ավելի շատ առնչվում են տարածության ազգայնացման կամ սոցիալիստականի կոնսերվացման ջանքերին: Մինչդեռ երկրորդը կարելի է բնորոշել որպես Երեւանի բացառիկ հատվածներից մեկը, որը ենթարկվում է մշակութային իմաստով արեւմտականացման հետեւողական միջամտությունների` պահպանելով հանդերձ խորհրդային մոնումենտալությունն ու ազգային ճարտարապետության տարրերի նմանակմամբ ստեղծված միջավայրերը:
ACTV նախագիծ
Ֆոկուս արվեստի ՀԿ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025,
Չարենցի փ. 4 շ. բն. 37
էլ. հասցե` actv@focus.org.am
Հեռ. +374 55 781874
ACTV նախագիծ. Ֆոկուս արվեստի ՀԿ Բոլոր նյութերն օգտագործելի և տարածելի են՝ միմիայն հեղինակի անունը նշելու և կայքի ակտիվ հղումը տեղադրելու պարտադիր պայմանով և ոչ առևտրային նպատակներով։ ACTV project. Focus Art NGO. All content on the website is free for use for non-commercial purposes and share-alike provided that authors and active links of materials are mentioned.