08.09.2012
Գնելով գյուղմթերք Թեղուտ և Շնող համայնքների գյուղացիներից` յուրաքանչյուրը օգնում է կանխել գյուղական համայնքների բնակիչներին սպառնացող հանքարդյունաբերող ընկերությունների շահագործումից ու թալանից:
Այսօր Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, երբ հերթական հանքի շահագործման թույլտվության համար որպես հիմնավորվում բերվում է միայն տեղի բնակչության ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը՝ առանց տվյալ շրջանի զարգացման այլ հնարավորություններն ուսումնասիրելու:
Տեղի բնակիչներն էլ ստիպված ընդունում են /կամ նրանց ստիպում են ընդունել/ հանքարդյունաբերությունը, որպես իրենց ընտանիքների հոգսերը հոգալու միակ հնարավորություն՝ քաջ գիտակցելով, որ հանքը վտանգելու է իրենց և իրենց երեխաների առողջությունը, իսկ հանքի շահագործման ավարտից հետո ողջ տարածքը վերածվելու է մեռյալ գոտու, որտեղ այլևս անհնար է լինելու գյուղատնտեսական կամ որևէ այլ գործունեության իրականացումը:
Գյուղմթերքների վաճառքի նախաձեռնության նպատակն է հնարավորություն ստեղծել Թեղուտ և Շնող համայնքների բնակիչների համար առանց միջնորդների ու միջնորդավճարի վաճառել իրենց ստեղծած բարիքը, զարգացնել ինքնավար տնտեսություններ, ունենալ արժանապատիվ, երկարաժամկետ աշխատանք՝ առանց սեփական առողջությունն ու ապագան վտանգելու: