POLITICS, POLICY, POLITY հասկացություններն արտացոլում են քաղաքականի երեք տարբեր, բայց փոխկապակցված չափումները: Դրանք առաջադրվել են անգլոամերիկյան քաղաքագիտական ավանդույթում եւ ինչպես մյուս եվրոպական լեզուներում (իհարկե, բացառությամբ անգլերենի), հայերենում նույնպես չկան մեկ բառով արտահայտվելիք դրանցից երկուսի համարժեքները:
POLITICS, POLICY, POLITY հասկացությունները ձեւավորվել են քաղաքագիտության մեջ ազդեցիկ ռացիոնալ ընտրության կամ ավելի լայն խաղերի տեսության, ինստիտուցիոնալիզմի եւ բիհեւիորիզմի շրջանակում: Կարելի է ասել, որ որպես քաղաքական երեույթներն իմաստավորելու հեռանկարներ` դրանք են հնարավոր դարձրել այս երեք հասկացությունների` POLITICS-ի, POLICY-ի, POLITY-ի երեւան գալը: Ռացիոնալ ընտրության կամ ավելի լայն խաղերի տեսության, ինստիտուցիոնալիզմի եւ բիհեւիորիզմի որոշ դրույթներ` մասնավորեցված այս համատեքստի համար կներկայացվի հաջորդիվ: Օրինակ, ըստ ռացիոնալ ընտրության տեսության, իրապես գոյություն ունեն գործորդներ կամ ագենտներ` հիմնականում ըմբռնված որպես անհատներ: Անհատներին բնորոշ են ռացիոնալության ու սեփական շահին հետամուտ լինելու գծերը: Միաժամանակ նրանք ունեն նախընտրություններ, որոնք կազմակերպված են աստիճանակարգորեն: Այսինքն` նրանց համար որոշ նախընտրություններ ավելի կարեւոր են, քան` մյուսները: Առաջնահերթություն սահմանելու այս կարողության շնորհիվ` այդ նախընտրություններն իրականացնելու ճանապարհին անհատների համար հակասություններ չեն առաջանում: Հաշվի առնելով սեփական նախընտրությունները` գործորդները կամ անհատները ռացիոնալ հաշվարկի, ծանրութեթեւ անելու ճանապարհով ընտրում են գոյություն ունեցող հնարավորություններից այն մեկը, որն առավել օպտիմալ է թվում իրենց տվյալ իրադրության մեջ: Հետեւաբար, ցանկացած ընտրություն նախընտրության, հնարավոր օգուտի եւ շահի հաշվարկի հիման վրա գործորդի կայացրած որոշման հետեւանք է: Այս շրջանակում հասարակական կյանքը եւ, մասնավորապես, քաղաքականի ասպարեզը նախ եւ առաջ ճիշտ է հասկանալ որպես օգուտ եւ շահ հետապնդող որոշումների, ընտրությունների հանրագումար: Մի կարեւոր հավելում է անհրաժեշտ, որ քաղաքական ասպարեզում գործորդները ոչ միայն անհատներն են, այլեւ` կազմակերպություններն ու կառույցները: Քաղաքականի այս չափումը նշանակվում է politics հասկացությամբ, որի բովանդակությունն են կազմում քաղաքական գործողություններն ու գործընթացները: Այստեղ են առաջ քաշվում ու շրջանառվում պահանջներ, պահանջմունքների հիման վրա ձեւակերպվում շահեր: Հայերեն politics-ը թարգմանվում է «քաղաքականություն»: Քաղաքականությունն այս պարագայում հանուն իշխանության ու ռեսուրսների բաշխումը վերահսկելու նպատակով ինչպես գործորդների միջեւ պայքարն է, նրանց շահերի բախումը, այնպես էլ` նրանց միջեւ համագործակցությունն ու շահերի համընկնումը: Իհարկե, կոնկրետ քաղաքական ուժերի միջեւ թե´ պայքարը, թե´ համագործակցությունը ժամանակավոր են, ինչը բացահայտում է քաղաքական կյանքին բնորոշ դինամիզմը, այսինքն` քաղաքականի դինամիկ պատկերը երեւան է գալիս քաղաքական գործողությունների ու գործընթացների շնորհիվ: Բանակցություններն ու փոխզիջումները, ընտրությունները, բանավեճերը, լոբիստական կազմակերպությունների, շահերի խմբերի գործունեությունը, կոալիցիոն կառավարություն կազմավորելը կամ կոալիցիայից դուրս գալը եւ այլն politics-ի դրսեւորումներ են:
Սակայն քաղաքականությունն անհնար է առանց բովանդակության: Այլ կերպ ասած` քաղաքականությունն անհրաժեշտաբար ենթադրում է ձեւակերպված ծրագրեր, նպատակներ ու խնդիրներ, ինչպես նաեւ դրանց հնարավոր լուծումներն ու արդյունքները: Այդ ծրագրերը, նպատակներն ու խնդիրները սահմանում են քաղաքական գործորդները` ենթադրաբար իրականացնելու միտումով: Քաղաքականի այն չափումը, որը բացահայտում է ձեւակերպված ու հայտարարված ծրագրերը, նպատակներն ու խնդիրները նշանակվում է policy-ի բառով: Մասնավորապես, խոսք կարող է լինել կառավարության, քաղաքական կուսակցության կողմից գործողության ծրագրի, նպատակների ու խնդիրների որոշակի շրջանակի ձեւակերպման ու հայտարարության մասին: Այդ ծրագրերը, նպատակներն ու խնդիրները կարող են վերաբերել տնտեսությանը, մշակույթին, առողջապահությանը, բնապահպանությանը, կրթությանը, այլ երկրների հետ հարաբերություններին եւ այլն: Հայերեն, ինչպես politics-ի պարագայում, policy-ին նույնպես թարգմանվում է «քաղաքականություն»: Սակայն կախված համատեքստից որոշ պարագաներում կարելի է թարգմանել նաեւ քաղաքական ծրագրեր կամ նպատակներ` հստակ տարանջատելու որպես գործողություն ու գործընթաց ըմբռնվող քաղաքականությունից, այսինքն` politics-ից: Հետեւաբար, խոսք կարող է լինել տնտեսական քաղաքականության, արտաքին ու ներքին քաղաքականության մասին կամ կրթության ոլորտում քաղաքական ծրագրի կամ նպատակների մասին եւ այլն: Այս առումով իրապես քաղաքական գործողություններն ու գործընթացները կողմնորոշվում են ձեւակերպված ու հայտարարված ծրագրերով, խնդիրներով ու նպատակներով: Անգլերենում policy-ի բառը մեկ այլ իմաստով նշանակում է նաեւ իմաստուն, խելամիտ վարք, կառավարման արվեստ:
Սակայն ինչպես քաղաքական գործողություններն ու գործընթացները, այնպես էլ քաղաքական ծրագրերն ու նպատակները, եթե ընդհանրական ձեւակերպում տալ, քաղաքական խաղերը կարիք ունեն կանոնների ու նորմերի: Այստեղ է, որ վերոնշյալ ինստիտուցիոնալիզմի գլխավոր պնդումը, մասնավորեցված քաղաքական ասպարեզի համար, անհրաժեշտ է վկայակոչել: Այդ պնդումը հետեւյալն է. քաղաքական կյանքում վճռական դերակատարությունը պատկանում է ինչպես ֆորմալ (գիտակցաբար մշակված, ամրագրված ու հայտարարված), այնպես էլ ոչ ֆորմալ (ինքնաբերաբար առաջացած) նորմերին, կանոններին ու ընթացակարգերին: Վերջիններս ե´ւ արտոնում են, ե´ւ սահմանափակում քաղաքական գործողություններն ու գործընթացները, ծրագրերն ու նպատակները: Հետեւաբար, քաղաքական գործողությունների ու գործընթացների, ծրագրերի ու նպատակների իրականացումը ուղղակի կախված է ընդունված կանոններից, նորմերից ու ընթացակարգերից: Քաղաքականի այս հիմնարկային, նորմատիվ չափումը, կարգը, անգլերենում նշանակում են polity բառով: Այլ կերպ ասած` քաղաքականն է իր ձեւի ու հաստատությունների տեսանկյունից: Մասնավորապես, կառավարման համակարգը, ազգային ժողովը, օրենքները, սահմանադրությունները, համաձայնությունները եւ այլն polity-ի դրսեւորումներ են ու քաղաքական գործողությունների, գործընթացների, ծրագրերի ու նպատակների շրջանակը: Որոշ պարագաներում polity-ին հայերեն թարգմանվում է պետական կառուցվածք: Սակայն այն կարելի է հասկանալ նաեւ որպես ա) կառավարման ձեւ, հասարակությունը որպես կազմակերպված Պետություն, բ) հասարակությունը կամ պետությունը որպես քաղաքական միավոր:
Այսպիսով, միմյանց փոխպայմանավորող politics, policy եւ polity հասկացությունները ցույց են տալիս, որ այնպիսի անկանխատեսելի, ռիսկային ու պատահականություններով լի ասպարեզ, ինչպիսին քաղաքական ասպարեզն է, կրկնակիորեն շրջանակվում է մեկ քաղաքական ծրագրերով ու նպատակներով, մեկ` քաղաքական նորմերով ու կանոններով: Սակայն գործնականում քաղաքական գործողություններն ու գործընթացները խստորեն չեն հետեւում քաղաքական ծրագրերին ու նպատակներին, նորմերին, կանոններին ու ընթացակարգերին: Կամ քաղաքական ծրագրերն ու նպատակները, նորմերն ու կանոնները միանշանակ կերպով չեն պայմանավորում քաղաքական գործողություններն ու գործընթացները: Ավելին` երբեմն, որոշ հասարակություններում դրանք կարող են միմյանց հետ անհամատեղելի լինել: Օրինակ, կրթության ու գիտության ոլորտներում հայտարարված նպատակների ու դրված խնդիրների համատեքստում ձեռնարկվեն այնպիսի գործողություններ ու ծավալվեն այնպիսի գործընթացներ, որոնք անհամատեղելի են այդ նպատակների ու խնդիրների, անգամ ընդունված օրենքների, սահմանադրական նորմերի հետ: Նման անհամատեղելիությունը վկայում է քաղաքական ասպարեզի որպես հասարակական կյանքում առանցքային դերակատարություն ունեցողում առկա հիմնարար խնդիրների մասին:
Գտնվելով դինամիկ փոխազդեցությունների մեջ` քաղաքական գործողություններն ու գործընթացները, ծրագրերն ու նպատակները փոխում են քաղաքական հաստատությունները, որոնք իրենց հերթին պայմանավորում են հաջորդող քաղաքական գործողությունների ու գործընթացների, ծրագրերի ու նպատակների բնույթը:
Եթե անդրադառնալու լինենք այս երեք հասկացությունների ծագումնաբանությանը, ապա նրանք սերում են հունարեն polis (քաղաք-պետություն) բառից: Հայտնի է նաեւ politeia բառը, որը Արիստոտելի փիլիսոփայության մեջ մի կողմից նշանակում էր պետության կազմակերպումը, կարգը, մյուսից` երեք լավագույն հասարակական-քաղաքական կարգերից մեկն էր: Քաղաքացին համապատասխանաբար politēs-ն է: Ըստ էության, polity-ի բառը politeia բառից է սկիզբ առնում: Πολιτικά նշանակել է քաղաքների, այս պարագայում կարելի է հասկանալ որպես քաղաք-պետությունների միջեւ հարաբերություններ: Հետեւաբար, նախնական իմաստով այն նկատի ունի կայացած քաղաքական միավորների միջեւ հարաբերությունները: Հունարեն πολιτικός (politikos) նշանակել է նաեւ քաղաքացիներին վերաբերող, քաղաքացիների համար, քաղաքացիական, պետությանը պատկանող: Այսինքն` քաղաքականությունը վերաբերել է կայացած միավորի ներսում ե դրսի այլ միավորների հետ ունեցած հարաբերություններին:
Հայերեն «քաղաքականություն» բառի ստեղծման համար հիմք է ծառայել «քաղաք» բառը, ինչպես Աճառյանն է վկայում, համեմատ հին հունական պետական դրության, ուր ամեն մի քաղաք մի առանձին տերություն էր կազմում: Իր հերթին «քաղաք» բառն առաջացել է Ասորեստանի նշանավոր մայրաքաղաք Kalak-ից, որը նույն Աճառյանի պնդմամբ գտնվում էր Նինվեից հարավ Տիգրիսի ափին: Սակայն նախապես եղել է «քաղաք» նշանակությունն ունեցող հասարակ անուն: Ինչպես հայտնի է նաեւ, տարբեր լեզուներում «քաղաքը» նշանակող բառերը բարձունք կամ ամրություն նշանակությունն ունեն:
Այսպիսով, POLITICS, POLICY, POLITY բառերի հայերեն «քաղաքականություն», «քաղաքական ծրագրեր», «պետական կառուցվածք» եւ այլ համարժեքները իրենց ծագման ու նշանակության տեսանկյունից կրում են առնվազն երկու` ասորական եւ հին հունական մշակութային ազդեցությունները:
հեղինակ՝ Նաիրա Մկրտչյան
Գրականություն
ACTV նախագիծ
Ֆոկուս արվեստի ՀԿ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025,
Չարենցի փ. 4 շ. բն. 37
էլ. հասցե` actv@focus.org.am
Հեռ. +374 55 781874
ACTV նախագիծ. Ֆոկուս արվեստի ՀԿ Բոլոր նյութերն օգտագործելի և տարածելի են՝ միմիայն հեղինակի անունը նշելու և կայքի ակտիվ հղումը տեղադրելու պարտադիր պայմանով և ոչ առևտրային նպատակներով։ ACTV project. Focus Art NGO. All content on the website is free for use for non-commercial purposes and share-alike provided that authors and active links of materials are mentioned.