Մշակութային կապիտալ հասկացությունն առաջարկվել է և կիրառության մեջ է մտցվել ֆրանսիացի սոցիոլոգ Պիեր Բուրդյոյի կողմից դեռևս 1960-ական թվականներին: Առաջին աշխատությունները,որոնցում կիրառել է այս հասկացությունը` առավելապես փոխաբերական իմաստով, քան որպես մեթոդաբանական կոնստրուկտ, նվիրված էին կրթական համակարգի վերլուծությանը և կրթական համակարգում երեխաների ունեցած ձեռքբերումների տարբերությունների բացատրությանը: Խոսքը «Մշակութային և սոցիալական վերարտադրություն» աշխատության մասին է, որը Բուրդյոն գրել է Ժան-Կլոդ Պասերոնի համահեղինակությամբ: Էստեղ նրանք պնդում էին, որ այդ տարբերությունները պայմանավորված են այն մշակութային կապիտալի տարբերությամբ, որ ստանում են այդ երեխաներն իրենց առաջնային սոցիալականացման ընթացքում, իրենց ընտանիքներում: Այս աշխատության շրջանակում, եթե փորձենք ձևակերպել մշակութային կապիտալի սահմանումն ըստ Բուրդյոյի, ապա, այն հասկացվում էր իբրև մշակութային, սոցիալական և լեզվական կոմպետենցիաներ, որոնք արտադրվում են առաջնային սոցիալիզացիայի ընթացքում և ներդրվում առաջնային հաբիտուսի մեջ: Հետևաբար, եթե հասարակության մեջ առկա է անհավասար բաշխում, սոցիալական շերտավորում, ապա մշակութային կապիտալի բաշխվածությունը նույնպես տարբեր է. սոցիալ-տնտեսական ավելի լավ վիճակում գտնվող խմբերը ունեն ավելի շատ մշակութային կապիտալ, հետևաբար այդ նույն տարբերությունները, ըստ Բուրդյոյի, դրսևորվում են նաև կրթական համակարգում:
Հետագայում Բուրդյոն շատ ավելի խորացրեց թե կապիտալի իր հասկացումը, թե նաև դրա ձևակերպումը՝ որպես մեթոդաբանական կոնստրուկտ, որը կարելի է օգտագործել ընդհանրապես իրականության հասկացման և վերլուծության համար: Իհարկե տարբեր աշխատություններում, նա այս կամ այն կերպ անդրադարձել է խնդրին, սակայն կանոնիկ այն աշխատությունը, որում բացատրում է կապիտալի հասկացումն ընդհանրապես և դրա տարբեր ձևերը, փոքրածավալ՝ «Կապիտալի ձևերը» կոչվող և 1986թ հրապարակված գործն է:
Ինչպե՞ս էր Բուրդյոն հասկանում կապիտալը: Կապիտալը փոխանակման որոշակի համակարգում սոցիալական հարաբերություն է, որում ներառվում են նյութական և խորհրդանշական ապրանքներ, որոնք իրենցից արժեք են ներկայացնում և կարող են տվյալ սոցիալական ֆորմացիայի շրջականում փնտրված լինել: Այսինքն ՝ դրանց կարիքը կլինի և կլինեն որոշակի ակտորներ, որոնք կփորձեն դա ձեռք բերել: Այս տեսանկյունից մշակութային կապիտալը Բուրդյոն սահմանում էր իբրև սոցիալական համակարգում կառուցակցված մշակութային գիտելիք, որը կրողին ընձեռում է իշխանություն և սոցիալական դիրք: Բուրդյոն գտնում էր, որ, ընդհանուր առմամբ, մենք կարող ենք խոսել կապիտալի երեք ձևերի մասին` տնտեսական, մշակութային և սոցիալական:
Տնտեսական կապիտալին նրա անդրադարձը խիստ հպանցիկ է և չի կարող համարվել առանձին վերլուծական նշանակություն ներկայացնող: Ընդ որում նա սա արել է գիտակցված ձևով, որովհետև գտել է, որ տնտեսական կապիտալի վրա առանց այն էլ չափից դուրս մեծ է ուշադրությունը՝ հղում անելով թե Մարքսին, թե մարքսիստական ուղղության բոլոր ներկայացուցիչներին, որոնք, Բուրդյոյի կարծիքով, չափից դուրս կենտրոնացրել էին ուշադրությունը զուտ տնտեսական գործոնի վրա՝ դրանով արժեզրկելով բոլոր մնացած այն փոփոխականների արժեքը, որոնք պայմանավորում են սոցիալական իրականությունը: Դրանով իսկ նա փորձում էր առանձնացնել կապիտալի այլ ձևերը, որոնք իր կարծիքով, ոչ միայն ոչ պակաս նշանակություն չունեն իրականության մեջ, այլ որոշ պայմաններում գուցե նույնիսկ ձեռք են բերում գերակա նշանակություն նույն տնտեսական կապիտալի նկատմամբ:
Մշակութային կապիտալն, ըստ Բուրդյոյ, կարող է դրսևորվել երեք հիմնական ձևով: Առաջինն ինկորպորացված վիճակն է: Այստեղ մենք խոսում ենք ամենաառաջնային և ամենահիմնավոր մշակութային կապիտալի մասին: Սա (ինկորպորացիա բառը արդեն մեզ հղում է անում) վերաբերում է մարդու մարմնային մակարդակում մշակութային կապիտալի ներդրմանը և արտահայտմանը: Դրանք այն գիտելիքը, հմտությունները, արժեքները և կարողություններն են, որոնք մարդը ձեռք է բերում ծննդյան օրվանից սկսած՝ առաջնային սոցիալիզացիայի ընթացքում: Ըստ էության կարելի է ասել, որ այս ինկորպորացված մշակութային կապիտալը ձևավորում է մարդու առաջնային հաբիտուսը, որը հետագայում պայմանավորում է նրա գործունեությունը:
Ի՞նչն է հետաքրքիր: Ստացվում է, որ ինկորպորացված մշակութային կապիտալի չափման համար առաջնային գործոնը ժամանակն է: Դու պիտի ժամանակ ունենաս, որպեսզի կարողանաս ձեռք բերել այդ մշակութային կապիտալը: Քանի որ այդ կապիտալի փոխանցման կարևորագույն աղբյուրը հիմնականում ընտանիքն է, ապա ստացվում է, որ այս մշակութային կապիտալի ձեռք բերման հավանակությունը ավելի բարձր է այն պարագայում, երբ դու ունես ավելի շատ ազատ ժամանակ: Այսինքն, դու կարող ես տնօրինել քո ժամանակը՝ անցկացնելով այն մարդկանց հետ, որոնցից դու անմիջականորեն կարող ես ձեռք բերել այդ մշակութային կապիտալը՝ դրանով իսկ շահելով: Այս տեսանկյունից, եթե շարունակենք Բուրդյոյի վերլուծությունը, ապա կարելի է ասել, որ նման պայմաններում այն մարդիկ, ովքեր այդ ժամանակը չունեն, օրինակ` ստիպված են աշխատել ավելի, քան ստանդարտ սահմանված աշխատաժամանակն է, ապա մշակութային կապիտալի ձեռք բերման, ինկորպորացիայի համար նրանց հատկացվող ժամանակը չափից դուրս քիչ է: Դա, ըստ էության, նույնիսկ հնարավոր էլ չէ: Այն պարագայում, երբ խնդիր է դրված որոշակի խմբի մշակութային կապիտալի ձեռք բերման հնարավորություն չտալ, որովհետև մշակութային կապիտալն ըստ էության նաև խմբային հաբիտուսի ձևավորման, սեփական շահերի գիտակցման և այնուհետև կոլեկտիվ վարքի դրսևորման հիմք է, ապա տվյալ խմբի ժամանակի կարգավորումը շատ կարևոր գործոն է, ինչի միջոցով կարելի է նաև խոչընդոտել այդ կապիտալի ձևավորմանը: Մարդուն չես տալիս ազատ ժամանակ, և նա բնականաբար հնարավորություն չի ունենում այդ մշակութային կապիտալը ձևավորելու: Կարծում եմ, սա կարելի է շատ լավ դիտարկել, թե ստրկատիրական հասարակարգերում, թե ժամանակակից հասարակությունում, որտեղ մենք դառնում ենք ժամանակի գերին և ինկորպորացված մակարդակում մշակութային կապիտալի ձևավորման համար ունենում ենք չափից դուրս քիչ ժամանակ, գուցե նույնիսկ առանց գիտակցելու:
Մշակութային կապիտալի դրսևորման հաջորդ տարբերակը, այսպես կոչված օբյեկտիվացված տարբերակն է: Այս պարագայում մշակութային կապիտալը հնարավոր է նյութապես փոխանցել: Օրինակ` դա կարող է լինել նկարների հավաքածու, որ ինչ-որ մեկը կարող է փոխանցել մյուսին: Բայց այստեղ կարևոր հարց է առաջ գալիս. դու կարող ես փոխանցել սեփականության իրավունքը, այսինքն, իրավաբանական տեսանկյունից կարող ենք ասել, որ այսինչ մարդուն պատկանում է այս նկարների հավաքածուն, բայց ինչքանո՞վ է նրան փոխանցվում տնօրինման հմտությունը, այսինքն ի՞նչ անել այդ նկարների հետ, ինչպե՞ս նայել այս նկարները, հասկանա՞լ, թե՞ չհասկանալ այդ նկարները: Ահա սա ունակություն և մշակութային կապիտալ է, որը չի կարող փոխանցվել նման մեխանիկական ձևով: Եվ թե ինկորպորացված, թե օբյեկտիվացված մշակութային կապիտալի դեպքում հիմնական խնդիրն այն է, որ դրանք խիստ կապված են կոնկրետ անձի հետ՝ որպես կենսաբանական մարմին, ուստի այդ կապիտալի փոխանցումը և տարածումը հասարակության մեջ սահմանափակ է:
Մյուս կողմից կա օբյեկտիվացված մշակութային կապիտալը փոխանցելու երկրորդ տարբերակը. դա այն է, երբ դու ուղղակի ձեռք ես բերում նաև այդ մշակույթը որպես ինկորպորացված մշակութային կապիտալ կրողներին: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ օրինակ, եթե քեզ պետք է որոշակի արտադրություն դնել և դու ինքդ դա անել չես կարող, ապա ներգրավում ես այն մարդկանց, ովքեր ունեն անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները և կարող են աշխատել քո համար, և բնականաբար դրանով իսկ տնօրինում ես այն մշակութային կապիտալը, որը նրանք ունեն ինկորպորացված վիճակում: Բուրդյոն կարծում էր, որ գիտելիքահեն տնտեսության պայմաններում, այսինքն այն տնտեսության պայմաններում, որտեղ օբյեկտիվացված մշակութային կապիտալի նշանակությունը չափից դուրս բարձրանում է, ինկորպորացված մշակութային կապիտալի կրողները, որոնք մասնակցում են արտադրական գործընթացին, պետք է որ կոլեկտիվ ուժի տեսանկյունից գնալով ավելի աճող իշխանություն և ուժ ձեռք բերեն սեփականության իրավունքը տնօրինողների հանդեպ, եթե սեփականության իրավունքը տնօրինողը մրցակցության մեջ չի դրել այս ինկորպորացված մշակութային կապիտալի կրողներին: Իրականում, Բուրդյոյի կարծիքով, մենք տեսնում ենք իրավիճակ, երբ մշակութային կապիտալի սեփականության իրավունքի կրողը միաժամանակ նաև ստեղծում է մրցակցային իրավիճակ ինկորպորացված մշակութային կապիտալը կրողների միջև և ստացում է, որ այն մարդիկ, որոնք այդ մշակութային կապիտալը ունեն ինկորպորացված վիճակում, համախմբման փոխարեն առճակատման և պառակտման իրավիճակում են, ուստի չեն կարողանում այդ մշակութային կապիտալը վերածել ռեալ իշխանության` սեփականության իրավունքի տիրապետողների համեմատ:
Բուրդյոն կարծում էր, որ մեր ժամանակի խնդիրներից մեկն է նաև այն, որ այդ օբյեկտիվացված մշակութային կապիտալը քանակական խիստ աճ է ապրում, այսինքն իրականում մեծանում են այն հնարավորությունները, որոնցով յուրաքանչյուրս կարող ենք ինչ-որ կերպ առնչված լինել այդ մշակութային կապիտալին: Օրինակ` ենթակառուցվածքների զարգացումը, դպրոցների գնալով մեծացող թիվը և կրթության հասանելիության աճը տարբեր խավերի համար, թեկուզ միայն տարրական կրթական համակարգի մակարդակում: Սա բերում է մշակութային կապիտալի ինֆլյացիայի: Իրականում մշակութային կապիտալը արժեքավոր է այնքանով, որքանով այն դեֆիցիտային է: Եթե քո գիտելիքը, որը կարևոր է հասարակության համար, քեզ դնում է նաև մենաշնորհային դիրքում, այսինքն բնականաբար դու շատ ավելի մեծ իշխանություն ունես, եթե 10 հոգանոց խմբում մենակ դու ես գրաճանաչ, քան եթե բոլորը գրաճանաչ են: Բնականաբար սա արժեզրկում է մշակութային կապիտալն ինքնին: Մենք ունենում ենք պարադոքսալ մի իրավիճակ, երբ սկսում ենք մի տեղից, որ այդ մշակութային կապիտալն ինչ-որ արժեքավոր բան է, որին արժե ձգտել, բայց այն պահին, երբ բոլորով ձգտում ենք դրան, նպաստում ենք դրա արժեզրկմանը: Վերջում ստացվում է, որ մենք ձգտում ենք մի բանի, որը արժեք չունի: Ըստ էության, դա կարող ենք տեսնել նաև մեր հասարակության օրինակով:
Մշակութային կապիտալի երրորդ տարբերակը ինստիտուցիոնալացված մշակութային կապիտալն է: Ինչպես արդեն ասացի, նախորդ երկու ձևերի դեպքում առկա էր այն խնդիրը, որ կապիտալը խիստ կապված է այն կրող անձին: Ահա երրորդ` ինստիտուցիոնալացված մշակութային կապիտալը, փորձ է հաղթահարելու այդ անձնային կախվածությունը: Այսինքն, սա այն պարագան է, երբ մշակութային կապիտալը փոխարկվում է ակադեմիական որակավորումների: Մենք ստեղծում ենք որոշակի ֆորմալ համակարգ, ինստիտուցիոնալացնում ենք այդ համակարգը, և ըստ այդ համակարգի պատրաստ ենք շնորհել այդ կապիտալը նրան, ով կբավարարի կոնկրետ պայմաններին: Դրանով իսկ այդ մշակութային կապիտալը կրողներին դարձնում ենք համեմատելի միմյանց հետ (այսինքն մենք կարող ենք համեմատել` և սա է բակալավր, և մյուսը) և դարձնում ենք փոխարինելի, այսինքն, եթե մեզ պետք է ոչ թե այսինչ այսինչյանը, այլ մեզ պետք է բակալավր, ապա չլինի այս բակալավրը, կլինի` մյուսը: Դրանով իսկ ինստիտուցիոնալացված մշակութային կապիտալը թույլ է տալիս կապիտալի այս ձևը դարձնել շատ ավելի կիրառելի ու հասկանալի, և, ինչը կարևոր է, թույլ է տալիս մշակութային կապիտալը փոխարկել տնտեսական կապիտալի: Այսինքն ըստ այդ ակադեմիական որակավորումների՝ հասկանալ, թե որն է դրա դրամային փոխարժեքը: Ոլորտում կան բազմազան հետազոտություններ, թե կախված մարդկանց կրթական մակարդակից՝ ինչպիսին է, օրինակ, նրանց աշխատավարձի միջից չափը, կամ՝ կախված մասնագիտությունից՝ ինչպիսին կարող է լինել այդ մարդու միջին եկամուտը: Այսինքն, մենք ունենք հստակ համակարգ, երբ մշակութային ինստիտուցիոնալացված կապիտալը փոխարկված է դրամի: Դու ընտրում ես բժիշկի մասնագիտությունը՝ հստակ հասկանալով քո հեռանկարը, պատկերացնելով, որ դրանից հետո կարող ես ստանալ այսքան գումար քո ներդրած ջանքերի և իրականացրած գործի համար: Այստեղ Բուրդյոյի կարծիքով, առկա է ժամանակային ռիսկը, որ այն պահին, երբ մարդիկ այդ մշակութային կապիտալի իստիտուցիոնալացման ճանապարհին որոշակի ռազմավարություն են ընտրում, որոշակի ժամանակի ընթացքում կարող է ինֆլյացիա ապրել, այն, ինչի համար դու ներդրում ես արել, կարող է արժեզրկվել, և այն պահին երբ դու արդեն ձեռք ես բերում այդ մշակութային կապիտալը, դա այլևս չի ունենա այն արժեքը, ինչի համար դու ընտրել էիր այդ ճանապարհը: Սա նույնպես մենք կարող ենք տեսնել բազմաթիվ օրինակներով: Աշխատաշուկայի հետ հարաբերությունների պարագայում, երբ կրթական համակարգից հետագայում աշխատանք գտնելու հեռանկարով մասնագիտություն են ընտրում, և այնուհետև դժվարանում են աշխատանք գտնել որովհետև իրավիճակ է փոխվում և այդ մշակութային կապիտալի արժեքն իրականում փոխվում է:
Բուրդյոն, անկախ կապիտալի այս երեք ձևերից, առանձնացնում էր նաև սիմվոլիկ կապիտալը: Սա նա համարում էր ոչ թե առանձին կապիտալի ձև, այլ ցանկացած կապիտալին որոշակի պայմաններում հատուկ դրսևորման ձև: Ինչպես արդեն ասացի, մշակութային կապիտալը կարող է փոխարկվել տնտեսական կապիտալի և ունենալ հստակ դրամական արտահայտություն, բայց շատ հանգամանքներում, մշակութային կապիտալը դրսևորվում է իբրև սիմվոլիկ կապիտալ, այսինքն զուտ խորհրդանշական արժեք է ունենում, երբ մենք խոսում ենք օրինակ մշակութային կապիտալը կրողի հանդեպ հարգանքի առկայության, սոցիալական որոշակի համակարգի ներսում նրա ունեցած ազդեցության, հեղինակության և այլ գործոնների մասին: Այս բոլոր պարագաներում, մշակութային կապիտալը դրսևորվում է իբրև սիմվոլիկ կապիտալ:
Բուրդյոյի մոտեցումը մշակութային կապիտալին, բոլորի կողմից չի, որ միանշանակ ընդունվել է: Եղել են նաև բազմապիսի քննադատություններ նրա մոտեցմանը: Եթե փորձենք բաժանել Բուրդյոյից հետո այս ուղղությամբ զբաղվողներին, ապա կարող ենք առանձնացնել մարդկանց այն խումբը, ովքեր փորձել են Բուրդյոյի առաջարկած շրջանակն օգտագործել իբրև վերլուծական և տեսական շրջանակ սեփական հետազոտությունների համար, դիտարկել դրա դրսևորումները այլ ոլորտներում: Եղել են նաև հետազոտողների խմբեր, որոնք փորձել են ընդլայնել այդ շրջանակը, օրինակ` փորձեր են եղել հասկանալ, թե ինչպես է փոխվում մշակութային կապիտալի հասկացումը տեխնոլոգիական զարգացման կոնտեքստում՝ ենթադրելով, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բուռն զարգացումը և վիրտուալ իրականության ներխուժումը սոցիալական իրականություն՝ որպես դրա կայուն բնութագրիչներից մեկը, անպայմանորեն իր հետքն է թողնում նաև մշակութային կապիտալի հասկացման վրա:
Մյուս կողմից էլ կա հստակ քննադատություն, որը ցույց է տալիս Բուրդյոյի մոտեցման խոցելի կետերը, և ըստ այդմ հարցականի տակ դնում այդ մոտեցման կիրառման օգտավետությունը: Օրինակ` կարելի է առանձնացնել Մարքսի տնտեսական կապիտալի կոնցեպցիայի շրջանակներում Բուրդյոյի մոտեցման դիտարկումը և հասկացումը, թե ինչքանով է Բուրդյոյի առաջարկը այլընտրանք մարքսյան տարբերակին: Եվ այստեղ կարող եմ առանձնացնել Մեթյու Դեսանի «Բուրդյո, Մարքս և Կապիտալ. ընդլայնված մոդելի քննադատություն» աշխատությունը: Հեղինակը գտնում է, որ Բուրդյոյի կողմից կապիտալի այլ ձևերի առաջարկումը հիմնվում է Մարքսի կողմից կապիտալի սահմանման սխալ հասկացման վրա: Այսինքն, Բուրդյոն Մարքսի կողմից կապիտալի սահմանումը հասկացել է խիստ նեղ՝ տնտեսական դետերմինիզմի շրջանակներում` չդիտարկելով ճանաչողական այն հնարավորությունները, որը տալիս է այդ կոնցեպտի ավելի լայն և համարժեք հասկացումը: Այս քննադատության կոնտեքստում Բուրդյոն կրկնակի անգամ առաջարկել է այն, ինչը արդեն որոշակիորեն առաջարկում է Մարքսը կապիտալի իրա սահմանմամբ: Մասնավորապես, Մարքսը կապիտալը սահմանում է որպես որոշակի սոցիալական հարաբերություն տվյալ պատմական սոցիալական ֆորմացիայի կոնտեքստում, որը ստանում է իրային տեսք և տվյալ իրը օժտում հատուկ սոցիալական բնույթով` արժեքով: Այստեղ կարևոր է, որ Մարքսը կապիտալը սահմանում է իբրև սոցիալական հարաբերություն և, ըստ այս քննադատության հեղինակների, Մարքսը Կապիտալի իր երկրորդ և երրորդ հատորներում բավականաչափ անդրադառնում է նաև դրա՝ որպես սոցիալական հարաբերության ոչ տնտեսական բաղկացուցիչներին՝ դիտարկելով դրանց ազդեցությունը ձևավորված շահագործման հարաբերությունների վրա: Այս քննադատության ջատագովները գտնում են, որ Մարքսի մոտեցումը շատ ավելի հեռանկարային է, որովհետև կապիտալի հասկացումն իբրև գործընթաց վերլուծական ավելի կարևոր հնարավորություններ է տալիս, քան Բուրդյոյի կողմից Կապիտալի հասկացումը որպես ստատիկ մի համակարգ, փոխանցվող գիտելիքների, հմտությունների, արժեքների, ապրանքների ամբողջություն, որոնք կարող են նկարագրել իրավիճակը այդ պահին, սակայն չեն տալիս այդ իրավիճակի դինամիկ հասկացումը: Սա մի բան է, որի համար Բուրդյոն շատ է քննադատվել: Ըստ այն հեղինակների, ովքեր հակադրվել են նրան, նրա մոտեցումը մի կողմից իսկապես իրականության նկարագրության փորձ է, մյուս կողմից այդ իրականության պատկերում է չափից դուրս կայուն իրավիճակում, որը թույլ չի տալիս հասկանալ դրա փոփոխության գործընթացը:
Շատ ավելի խիստ քննադատները գտնում են, որ Բուրդյոյի կողմից մշակութային կապիտալի հասկացումը ոչ այլ ինչ է, քան գերիշխող դասի հաբիտուսի անվանում մշակութային կապիտալի ձևով, ինչն իրականում լեգիտիմացնում է գերիշխող դասի հաբիտուսը: Ըստ էության այս քննադատությունը տեղ ունի, որովհետև, իսկապես, եթե փորձենք հասկանալ, թե ինչպես է իրականում սահմանում Բուրդյոն մշակութային կապիտալը, ապա կտեսնենք, որ Բուրդյոյի հիմնական խնդիրը հենց սահմանումների մակարդակում է: Նրա սահմանումները հիմնականում չափից դուրս ընդհանրական են, և օպերացիոնալ՝ այսինքն չափումների մակարդակում զգալի խնդիրների առաջ են կանգնեցնում: Դու կարող ես ունենալ գեղեցիկ սահմանում, սակայն կոնկրետ իրավիճակում արդյո՞ք սա դա է, թե մի ուրիշ բան է, և ինչպես կարելի է հասկանալ այդ իրավիճակը. սա է, որ շատ հարցերի տեղիք է տալիս: Մշակութային կապիտալի դիտարկումը կրթական համակարգում իբրև մի բան, որով բարձր դասի ընտանիքներն ավելի օժտված են, քան ցածր դասի ընտանիքները՝ կրկնելով ու վերարտադրելով այդ տարբերությունները կրթական համակարգում, ըստ էության կարող ենք ասել, որ հենց դա է ցուցանում: Այսինքն, այստեղ մշակութային կապիտալ է անվանվում այդ իշխող դասի հաբիտուսը: Այս տեսանկյունից, ուշագրավ է, որ Բուրդյոն լինելով այդ համակարգի ակտիվ քննադատներից մեկը, տեսական իր մոտեցումների մակարդակում, այնուամենայնիվ, ստեղծել է մի սխեմա, որը հրաշալի կերպով համատեղվում է նույն այդ համակարգի գոյության հետ և ինչ-որ առումով նույնիսկ լեգիտիմացնում այն:
ժաննա Անդրեասյան
Առաջարկվող գրականություն
ACTV նախագիծ
Ֆոկուս արվեստի ՀԿ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025,
Չարենցի փ. 4 շ. բն. 37
էլ. հասցե` actv@focus.org.am
Հեռ. +374 55 781874
ACTV նախագիծ. Ֆոկուս արվեստի ՀԿ Բոլոր նյութերն օգտագործելի և տարածելի են՝ միմիայն հեղինակի անունը նշելու և կայքի ակտիվ հղումը տեղադրելու պարտադիր պայմանով և ոչ առևտրային նպատակներով։ ACTV project. Focus Art NGO. All content on the website is free for use for non-commercial purposes and share-alike provided that authors and active links of materials are mentioned.