Հաբիտուս հասկացության մասին խոսելիս նախ պետք է հասկանալ, թե որտեղից է գալիս այս բառը և ինչ է նշանակում, որովհետև այն ունի տարբեր նշանակություններ՝ կիրառվելով թե՛ հասարակագիտությունում, թե՛ այլ գիտությունների կողմից: Ընդ որում, այլ գիտությունների կողմից հաբիտուս եզրույթն օգտագործվում է շատ ավելի վաղ շրջանից։ Համարվում է, որ հաբիտուսի մասին առաջինը խոսել է Արիստոտելը՝ այն կոչելով հունարեն հեքսիս բառով: Այնուհետև Թովմա Աքվինացին, վերցնելով հունարեն այդ բառը, փոխադրեց լատիներենի որպես հաբիտուս և կիրառության մեջ դրեց որպես շատ ավելի փիլիսոփայական նշանակություն ունեցող եզրույթ։ Եթե Արիստոտելը այն կիրառելով նկատի ուներ բնավորության վիճակը, ընդ որում դրա տակ հասկանալով և՛ իմացական , և՛ բարոյական բաղադրիչները, ապա Թովմա Աքվինացին շատ ավելի լայն կոնտեքստում էր դիտարկում հաբիտուսը՝ առանձնացնելով դրա բաղադրիչները՝ արվեստը, գիտությունը, մտածողությունը, ըմբռնողականությունը և փիլիսոփայական իմաստությունը։ Հաբիտուսը բավական գործածական բառ է եղել մինչև 16-րդ դարը, երբ լատիներենը սկսեց դիտարկվել զուտ որպես փիլիսոփայության կամ որոշակի առումով որպես փակ խմբի լեզու։ Որպես հասկացություն հաբիտուսը կիրառելի է նաև բնագիտության և բժշկության մեջ։ Լատիներեն այս բառն արտաքին է նշանակում, և երբ բժիշկն ասում է, որ հիվանդի հաբիտուսը մտահոգություն չի առաջացնում, նշանակում է, որ վերջինիս արտաքինում չի նկատվում որևէ բան, որը կարող էր մտահոգության հիմք տալ։
Վերադառնանք հասարակագիտությանը: Հաբիտուսի նշանակությունն իբրև գիտական եզրույթ հասարակագիտության համար կարևոր է այն մեթոդաբանական նշանակությամբ, որ դրան տրվեց ֆրանսիացի սոցիոլոգ Պիեռ Բուրդյոյի կողմից։ Կարող ենք համարել, որ իբրև գիտական մեթոդաբանական կոնստրուկտ հաբիտուսի հայեցակարգի հեղինակը հենց նա է, չնայած եզրույթի կիրառումը իրականացվել է նաև այլ հեղինակների կողմից, ինչպես, օրինակ, Նորբերտ Էլիասի։
Ի՞նչպես էր սահմանում հաբիտուսը Բուրդյոն։ Մինչև այս հարցին անցնելը պետք է հասկանալ այն համատեքստը, որում վերջինս առաջ քաշեց գաղափարը։ Բուրդյոյի կարծիքով հասարակագիտության հիմնական խնդիրը օբյեկտիվիզմի և սուբյեկտիվիզմի արհեստական երկընտրանքն էր։ Ընդ որում նա գտնում էր, որ սա իսկապես արհեստական հակադրություն է, որովհետև իրականում խոսքը միևնույն երևույթի տարբեր կողմերը շեշտադրելու մասին է։ Եթե օբյեկտիվիստական մոտեցումները շեշտադրում են մարդուց անկախ գոյություն ունեցող օբյեկտիվ կառուցվածքները և մարդու դերը այնտեղ պատկերացնում զուտ իբրև այդ կառուցվածքների և օրինաչափությունների կրող, ապա սուբյեկտիվիստական մոտեցումները, ինչպես, օրինակ, ֆենոմենոլոգիան, առանցքային դերը և նշանակությունը ամբողջապես վերագրում են առանձին մարդու փորձին, կենսափորձին, նրա պատկերացումներին, ընկալումներին՝ համարելով, որ իրականությունը կառուցվում է և գոյություն ունի միայն այդ ընկալումների մեջ և միջոցով։ Այսպիսով. մեկը թերագնահատում է անհատի և առանձին գործող սուբյեկտի դերը, մյուսը՝ գերագնահատում։ Բուրդյոն փորձում էր միավորել սրանք, և միավորման մեթոդաբանական կոնստրուկտը, ըստ նրա, հենց հաբիտուսն էր։
Մարդը ծնվելով սկսում է ապրել որոշակի միջավայրում և բնականաբար ձեռք է բերում որոշակի փորձառություններ և գիտելիքներ այդ միջավայրի մասին․ սոցիալականացվում է: Սա էլ նրան հնարավորություն է տալիս դրսևորվել որպես հասարակության լիիրավ անդամ՝ իրականացնելով իրեն վերապահված դերերն ու պարտականությունները։ Սոցիալականացման գործընթացում մարդը ձեռք է բերում պատկերացումներ քիչ թե շատ կայուն կարգի կամ դիսպոզիցիաների մասին։ Դրանք իրականում հենց պատկերացումներ են, բայց բխում են այն կառուցվածքներից, որոնք գոյություն ունեն անհատից անկախ, որոնց էլ վերջինս ծանոթանում է։ Ի՞նչ է տեղի ունենում։ Ներանձնայնացնելով, այսինքն յուրացնելով այդ պատկերացումները՝ անձը այդ գիտելիքի հիման վրա արտադրում է իր սեփական գործողությունները։ Հենց այս ամբողջությունը, այն է՝ կառուցվածքի՝ առանձին անհատի կողմից կառուցակցվելու և այդ կառուցվածքի իմացության հիման վրա գործողություն արտադրելու և այդ կառուցվածքը նորից վերարտադրելու ամբողջությունն ըստ էության հաբիտուսն է։ Եթե հետևենք Բուրդյոյի սահմանմանը. հաբիտուսը դիսպոզիցիաների ամբողջությունն է, որոնք անհատը ձեռք է բերում սոցիալականացման ընթացքում՝ ներդնելով սեփական մտածողությունը, զգացողությունները և գործողությունները։
Հաբիտուսի առանձնահատկությունների մասին խոսելիս պետք է հասկանալ, թե ինչպես է այն գործում։ Հաբիտուսի դիսպոզիցիաների հիմնական բնութագրիչները երեքն են. կայունությունը, փոխանցելիությունը և համակարգվածությունը։
Կայունության բնութագրիչը հղում է անում այն փաստին, որ ըստ էության անհատը ձեռք է բերում պատկերացումներ հասարակական կարգի այն բնութագրիչների վերաբերյալ, որոնք ունեն քիչ թե շատ կայուն բնույթ: Սակայն, միևնույն ժամանակ, հաբիտուսի թերևս ամենակարևոր յուրահատկությունը, ինչն առնչվում է անհատի ազատության խնդրին, ստեղծագործականությունն է, որ ներհատուկ է հաբիտուսին։ Սա շատ նման է Չոմսկու նշած ստեղծագործ կամ ծնող քերականության գաղափարին։ Քերականության կանոնների իմացությունը թույլ է տալիս վերարտադրել անվերջ քանակությամբ նախադասություններ և դատողություններ, որոնք կառուցվում են այդ նույն քերականության տրամաբանության մեջ, սակայն միևնույն ժամանակ իրենց անվերջության շարքում անվերջ ազատության և ընտրության հնարավորություն են տալիս։ Ըստ էության հաբիտուսը հենց սա է, որովհետև այդ դիսպոզիցիաների իմացությունը, որոնք կայուն են, թույլ է տալիս անվերջ ձևերով իրագործել դրանք պրակտիկայում՝ դրանով իսկ անհատական մակարդակում ապահովելով եզակիությունը և ընտրության հնարավորության իրագործումը։
Ինչո՞ւ է հաբիտուսի բնութագրիչներից մյուսը փոխանցելիությունը, որովհետև որոշակի ոլորտում ձեռք բերված հաբիտուսը փոխանցելի է նաև այլ ոլորտների վրա: Օրինակ՝ բնականաբար առաջնային գիտելիքները և դիսպոզիցիաները, որ սովորում ենք, ընտանեկան դիսպոզիցիաներն են: Հետագայում ընտանեկան ոլորտում ձեռք բերված դիսպոզիցիաները փոխանցվում են նաև այլ ոլորտների վրա: Սա թերևս պարզ դիտարկելի է յուրաքանչյուրի համար իր կենսական իրավիճակներում:
Եվ վերջին բնութագրիչը. համակարգվածությունը։ Սա շատ հետաքրքիր բնութագրիչ է, որ նշանակում է ՝ ի սկզբանե հաբիտուսը ձգտում է միասնականության։ Սա անգիտակցական ձգտում է և մի բան է, որ հաճախ նաև կառուցակցվում է հաբիտուսը ուսումնասիրող հետազոտողների կողմից՝ տալով անձի միասնականության պատրանք։ Ի՞նչու է Բուրդյոն դա անվանում պատրանք, որովհետև ըստ էության, ստացվում է, որ անձը ձևավորում է պատրանքային ինքնություն իր մասին՝ որպես մեկ ամբողջություն ներկայացնող անհատի։ Իրականում սա իսկապես պատրանքային կենսագրություն է, ինչպես Բուրդյոն է անվանում։
Ամենակարևորը թերևս այն է, թե ինչպես է հնարավոր հաբիտուսի փոփոխությունը։ Այսպիսով, անհատը ձեռք է բերում գիտելիքներ արտաքին և պարտադիր որոշակի երևույթների մասին, և այնուհետև անընդհատ զբաղված է դրանց կրկնությամբ և վերարտադրությամբ: Ընդ որում, հաբիտուսի ստեղծագործականությունը այս տեսանկյունից մի կողմից կարող է թվալ՝ ազատության աստիճան է, իսկ մյուս կողմից դա թվացյալ ազատություն է, որը քո առջև նպատակ չի դնում փոխել հաբիտուսը, քանզի դու ունես այն անվերջ կրկնելու և բազմազան շարքից ընտրություն կատարելու հնարավորություն։ Որպես հաբիտուսը փոխելու հնարավորություն Բուրդյոն դիտարկում էր սոցիոլոգիական ռեֆլեքսիան: Երբ խոսում ենք հաբիտուսի և դիսպոզիցաների մասին, պետք է հստակեցնել, որ դրանք հիմնականում անգիտակցական դիսպոզիցիաներ են, այսինքն պատկերացումներ դրանց մասին մարդը սովորաբար չունի համակարգված և գիտակցված պատկերացում՝ ընդունելով որպես ինքնըստինքյան ենթադրվող կանխադրույթներ։ Ահա սոցոլոգիական ռեֆլեքսիան, այն է՝ սեփական կյանքի վերաիմաստավորումը սոցիալական կառուցվածքների և միջավայրի հետ կապի տեսանկյունից և սեփական ճակատագրի, սեփական կենսագրության փուլերի և գործողությունների հասկացումը այդ սոցիալական կոնտեքստում և այդ գործոններով պայմանավորված, կարող է լինել այն միջոցը, որի օգնությամբ անհատը կարող է փոխել հաբիտուսը։ Բուրդյոն ո՛չ միայն հավատում էր դրան, այլև իր գործունեությամբ փորձել է ցույց տալ այս հնարավորությունը․ պատահական չի, որ հենց նրա մասին է նկարվել <<Սոցիոլոգի ռազմական ուղին>> վերնագրով կենսագրական ֆիլմը։ Բուրդյոն փորձում էր պրակտիկայում ցույց տալ, թե ինչպես է տեղի ունենում հաբիտուսի փոփոխության գործընթացը։
Կարևոր է մատնանշել նաև մի այնպիսի երևույթի մասին, որ կոչվում է հաբիտուսի հիստերեզիս կամ հաբիտուսի ուշացում։ Ի՞նչ է սա նշանակում։ Քանի որ մենք խոսում ենք քիչ թե շատ կայուն կառուցվածքի և դրա վերարտադրության մասին, ապա կարող է ստեղծվել իրավիճակ, երբ այդ կառուցվածքն ուշացած է։ Այսինքն հասարակական պրակտիկաները փոխվում են, սակայն անհատը իր հաբիտուսով ուշանում է այդ փոփոխություններից և շարունակում է վերարտադրել այն նույն պրակտիկաները, որոնք սովոր է իրականացնել՝ առանց հաշվի առնելու փոփոխությունները։ Որպես ուշացած հաբիտուսի օրինակ Բուրդյոն բերում էր Դոն Քիշոտին, որ պայքարում է հողմաղացների դեմ։
Ինչպե՞ս է տեղի ունենում հաբիտուսի ձևավորումը։ Երկու հիմնական միջոց կա։ Առաջինը պրակտիկաների իմիտացիան է, երբ մարդը, սկսած իր կյանքի առաջին տարիներից, փորձում է նմանակել ուրիշների վարքը՝ նմանակելով նաև ուրիշների պատկերացումները, որոնք ընկած են նրանց վարքի հիմքում: Երկրորդը դիսպոզիցիաների ներշնչումն է, որը իրագործվում է կրթության համակարգի միջոցով, այսինքն մեզ սովորեցնում են դիսպոզիցիաները: Մարդու կյանքի առաջին փուլում ձևավորվում է առաջնային հաբիտուսը, որը հիմնականում որպես հիմք ունենում է ընտանիքը: Այնուհետև արդեն այդ առաջնային հաբիտուսի հիման վրա այն լրացվում է նաև փորձի այլ աղբյուրներով և ոլորտներից։ Երբ մենք խոսում ենք հաբիտուսի մասին, կարող ենք առանձնացնել եզակի հաբիտուս, որը հղում է անում առանձին անհատի հաբիտուսին, և սոցիալական դասերի հաբիտուսներ, որոնք կարող են բնութագրական լինել այս կամ այն սոցիալական խմբի համար։ Սոցիալական խումբը, ունենալով իր անդամների համար ընդհանուր արժեքային և նորմատիվ որոշակի համակարգ, հիմք է դնում իր անդամների նմանատիպ հաբիտուսի ձևավորման համար: Ինչքան ավելի համախմբված է խումբը, ինչքան ավելի համերաշխ է, և քիչ են ներքին կոնֆլիկտները, այնքան ավելի մեծ հավանականությամբ կարելի է խոսել այնտեղ նմանատիպ մեկ սոցիալական հաբիտուսի գործառնության մասին, որն ուսումնասիրելով մեծամասամբ կարելի է եզրակացություններ անել խմբի առանձին անդամների վերաբերյալ։
Հաբիտուսը որպես կառուցվածք և որպես առանձին երևույթ ընդհանուր հանրային կյանքում ավելի լավ պատկերացնելու համար կարևոր է նաև տեսնել, թե ինչ հարաբերակցության մեջ է այն այլ երևույթների հետ, որոնցից ամենակարևորը թերևս դոքսան է: Այն աքսիոմատիկ կարգ է, այսինքն այնպիսի մի ամբողջություն, որը չի քննարկվում, հարցականի տակ չի դրվում և ուղակի յուրացվում է հասարակության անդամների կողմից՝ որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան։ Բնականաբար, կարող ենք ասել, որ հաբիտուսը բխում է դոքսայի հիմնական սկզբունքներից, և այն դիսպոզիցիաները, որոնք ներանձնայնացվում են հաբիտուսի շնորհիվ, նույնիսկ իրենց փոփոխության պայմաններում չեն կարող վերաբերել դոքսայի փոփոխությանը: Դրանով իսկ դրանք կարծես պաշտպանիչ օղակ են հանդիսանում դոքսայի շուրջ՝ իրենց փոփոխությամբ չենթադրելով դոքսայի փոփոխություն։
Այսպիսով հաբիտուսը ոչ միայն մեթոդաբանական կոնստրուկտ է, այլև կարևոր գործիք է հանրային վերլուծությունների համար: Հենց այս տեսանկյունից հանրային փոփոխությունների վերլուծության ժամանակ շատ կարևոր է հետազոտել, թե որքանով է այդ փոփոխությունների արդյունավետությունը կամ արդյունավետության բացակայությունը պայմանավորված այն հանգամանքով, թե դրանց հիմքում ինչքանով են ընկած եղել հաբիտուսին ուղղված գործողությունները։ Սա կարևոր մի դատողություն է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ հանրային ցանկացած վերլուծության ժամանակ՝ հաշվի առնելով, որ հաբիտուսը հանդիսանում առանցքային գաղափար՝ միավորելով սոցիալական կառուցվածքները, անհատական պատկերացումները ու դրանց իրացումը գործողությունների մակարդակում։
Ժաննա Անդրեասյան
Գրականություն
ACTV նախագիծ
Ֆոկուս արվեստի ՀԿ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025,
Չարենցի փ. 4 շ. բն. 37
էլ. հասցե` actv@focus.org.am
Հեռ. +374 55 781874
ACTV նախագիծ. Ֆոկուս արվեստի ՀԿ Բոլոր նյութերն օգտագործելի և տարածելի են՝ միմիայն հեղինակի անունը նշելու և կայքի ակտիվ հղումը տեղադրելու պարտադիր պայմանով և ոչ առևտրային նպատակներով։ ACTV project. Focus Art NGO. All content on the website is free for use for non-commercial purposes and share-alike provided that authors and active links of materials are mentioned.