«Ուտոպիանա.ամ» կազմակերպության «ACTV. Քաղաքացիական լրագրություն» դասընթացի շրջանակում իրականացվեց լրագրողական հետազոտություն Երևանում և Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի մարզերի 4 բնակավայրերում, որի նպատակն էր պարզել հարցվողների պատկերացումներն առաջիկա 10 տարիների կյանքի մասին: Արդյունքը՝ իրարից զգալի տարբերություններով, ներկայացնում ենք ֆոտոֆիլմի և տեքստի տեսքով:
8-15 տարեկանների խմբում մարզաբնակ հարցվողների մեծ մասն իր ապագան տեսնում է հայրենիքում, բայց ոչ ծննդավայրում, այլ Երևանում` կապելով մասնագիտություն ձեռք բերելու, աշխատատեղի ու հետաքրքիր կյանքի հետ: 15-ամյա Նաիրին էլ որոշել է Երևանում ապրել միայն այն պատճառով, որ բոլորն են ձգտում դրան: Համայնքային կյանքն այս պահին երեխաներին բավարարում է․ կապված են ընտանիքին, ընկերներին, տանը, սիրում են գյուղական կյանքը: Ըստ նրանց` իրենց բնակավայրերում պակասում են խաղահրապարակները, ֆուտբոլի դաշտը, համայնքի բնակիչների ակտիվությունը, տարբեր խմբակները: Ութամյա Սուսիկը գյուղում հետագա կյանքը չշարունակելը հենց դրա հետ է կապում. լատինամերիկյան պարի խմբակներ միայն Երևանում կան:
Վայոց ձորի մարզի Արենի գյուղի՝ Երևանից բավական հեռու գտնվելն էլ չի խանգարում, որ փոքր տարիքի տղաները հետաքրքրվեն նաև գիտության նորագույն ձեռքբերումներով: Արմենը (14 տ.) առանց թաքցնելու ասում է՝ «…ինձ տասերը հեդաքրքրըմ չեն, ինձ էդ ռոբոդաշինությունը, պանն ա հեդաքրքիր, էն էլ դենց պաները մեր կեղ հասել չեն, կա ոչ»: Տասնհինգամյա Աննան էլ երազում է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ՝ «…նաղդի կառատե եմ պարաբըմ, բայց եթե Րևանում ըլիմ, – նշում է նա, – ավելի պջիր վախտվանից կարիմ պարաբիմ, – հետո ափսոսանքով ու ծիծաղով ավելացնում, – բոքսի խմբագ էլ ա ըլել, էն էլ մենագ տղերքի հըմար, աղջիգնին կարալ չին քնին․ ամոթ էր»: Վարդուհին, սակայն, չի պատրաստվում խզել կապը գյուղի հետ (Արմավիրի մարզ, գ. Դալարիկ), քանի որ իրեն պատասխանատու է համարում գյուղի զարգացման համար:
Բայց երևանաբնակներ 10 տարեկան Վահանն ու 12 տարեկան Սոնան արտասահմանում ապրելու ծրագրեր ունեն, չնայած որ իրենց լավ կյանքի համար բնակավայրում պակասող ոչինչ չեն նշում, ավելին. «Գրեթե ամեն ինչ լիարժեք է», – ասում են երեխաները: Վահանի պլանները Ամերիկա գնալու հետ են կապված, իսկ Սոնան խոստանում է՝ «Եթե ամեն ինչ կարգավորվի մեր երկրում, չեմ գնա»: Գնալու դեպքում կկարոտի Երևանի թանգարանները, տեսարժան վայրերը, թատրոնները, Մատենադարանը, իսկ հնարավորության դեպքում կնպաստի քաղաքի կանաչ գոտիների, մաքրության պահպանությանը: Այս առիթով հարցվողներից մեկը նույնիսկ առաջարկում է օրենք ընդունել ու այն խախտողին՝ աղբ թափողին, տուգանել. ոչինչ, որ իրենց դպրոցում կազմակերպվող շաբաթօրյակներին միշտ չէ, որ ինքը մասնակցում է:
Մարզերում բնակվող 25 տարեկանների կյանքի պլանները հիմնականում կապված են մայրաքաղաքում ապրելու ու աշխատելու հետ, քանի որ, ինչպես ասում է Արտավազդը, ամեն ինչ Երևանում է կենտրոնացված: Բնակավայրից հեռու գտնվելու դեպքում երիտասարդները կկարոտեն մայրենի լեզուն, ընկերներին, կլիման, ընտանիքը, ցայտաղբյուրները, անգամ քամին, փոշին, ծառի կախված ճյուղերը, միրգը, ամեն ինչի համը, իսկ դսեղցիները՝ իրենց հիասքանչ բնությունը, բնակավայրի հետ կապված դպրոցական տարիների հիշողությունները:
Երևանաբնակ Նարեն շոշափում է լայն հարցեր ու ցանկություններ, ինչպիսիք են օրինակ՝ պետության սահմանների բաց լինելը (դրանով պայմանավորված՝ ամեն ինչ ավելի հասանելի կդառնա), դրսում օտար չլինելու ցանկությունը, որովհետև միայն Երևանում է զգում է իրեն ինչպես տանը:
25 տարեկանների ցանկությունն է փոխել մարդկանց մտածելակերպը, որ լինեն ավելի բարի, կամեցող, գրագետ, իսկ ավտոմեքենաների քչանալը Երևանի կենտրոնում կուրախացներ Նարեին:
35 տարեկանների մի մասը հաստատապես որոշել է՝ տեղափոխվելու է արտերկիր: Այլ երկրում ապրելու ցանկությունը սոցիալական պայմանների հետ է կապված. Հայաստանում իրենց և երեխաների ապագան չեն պատկերացնում, քանի որ լիարժեք կյանքի համար համայնքում շատ բաներ են պակասում: Այս տարիքային խումբը, ինչքան էլ գնահատում է Երևանի, մեծ քաղաքների ընձեռած լայն հնարավորությունները, բայց և այնպես նրանց մի մասն էլ խուսափում է քաղաքային կյանքից, որովհետև ամեն ինչ զրոյից սկսելու դժվարության առաջ են կանգնում: Նոր տարածքին հարմարվելը իր հետ բերում է բազմաթիվ դժվարություններ. «…ես մեր կեղը սիրըմ եմ, ստեղ էլ կմնամ, որ քնըմ ենք քաղաք, ըլըմ ա մեզ ասըմ են կեղացի, դե մենք էլ տաքարին ենք․ կռիվ պան ենք սարքըմ», – ասում է Բագրատ Սիմոնյանը Արենի գյուղից: Սա չի նշանակում սակայն, որ գյուղում չկան խնդիրներ, որոնք կարող են այն լքելու պատճառ դառնալ, բայց հարազատների մեծ մասի՝ տեղում բնակվելը կապում է բնակիչներին ծննդավայրի հետ: Ծննդավայրում մարդկանց մտածելակերպի փոփոխությունը, բնակիչների ավելի լավ, բարեկեցիկ կյանքով ապրելը, աշխատատեղերի առկայությունը, տարբեր հարցերում ընտրության հնարավորությունն այն փոփոխություններն են, որ կցանկանային իրականացնել այս տարիքային խմբի հարցվողները:
45 տարեկանների խմբին բնորոշ է իրենց ապագան պլանավորելիս կենտրոնանալ հիմնականում երեխաների պահանջմունքների վրա: Օրինակ՝ հարցվողներից Նուշիկ Գաբրիելյանն ուզում է թողնել բնակավայրն ու ապրել Երևանում, որովհետև մայրաքաղաքում երեխայի զարգացման հեռանկարներն ավելի մեծ են: Կարծում է, որ գյուղում ապրող մարդիկ, տաղանդների բացահայտման ու զարգացման հնարավորություններ չունենալով, սպանում են դրանք: Ըստ նրա՝ համայնքում պակասում են ժամանցի կամ տարբեր հետաքրքրությունները բավարարելու վայրերը, կրթության որակը բավարար չէ և հնարավորություններն են ավելի քիչ: Հարցվողների մեծ մասը, սակայն, համարում է, որ իրենց տարիքում փոփոխությունների և նորությունների ժամանակը չէ այլևս ու ապագան տեսնում են իրենց բնակավայրում՝ ընտանիքի, հարազատների հետ: Ծննդավայրում ապրել ցանկացողները ևս ունեն իրենց դժգոհությունները և կցանկանային փոխել համայնքի բնակիչների մտածելակերպն ու բարձրացնել կյանքի մակարդակը: Օրինակ՝ հարցվողներից մեկը կուզեր հատկապես փոխել շատերի այն դիրքորոշումը, որ սովոր են ամեն ինչում մեղադրել կառավարությանը՝ մոռանալով իրենց բացթողումների, թերացումների ու անպատասխանատվության մասին: Դեմ չէին լինի, որ բնակավայրը չցանկանային լքել նաև իրենց երիտասարդները, ինչը, շատ հաճախ, անխուսափելի է աշխատատեղերի բացակայության պայմաններում: Հետաքրքիր, ժամանցային վայրերը, երեխաների համար խմբակների ընտրության հնարավորությունը (երգ, պար, սպորտ), առողջապահական կենտրոնը, լիարժեք կդարձնեին նրանց կյանքը: Իսկ թե հանկարծ մի օր բռնեն ծննդավայրը լքելու ճանապարհը, ապա կկարոտեն իրենց բնությունը, համայնքի գեղատեսիլ վայրերը, հարազատներին ու մարդկանց մաքրությունը:
55 տարեկան հարցվողների խմբում ևս տարբեր կերպ են պատկերացնում իրենց ապագան: Նրանցից մեկն, օրինակ, իր ապագան կապում է երեխաների որոշումների հետ. «Քանի որ զավակներս չեն ցանկանում գյուղում ապրել, մենք էլ պատրաստ ենք նրանց հետ տեղափոխվել, թեպետ երկիրը լքելը ծանր կլինի մեզ համար, բայց այլ ելք չեմ տեսնում՝ հետևելով մեր իշխանությունների վարած անտարբեր քաղաքականությանը»: Իսկ մյուս հարցվողներն իրենց տեսնում են հայրենի գյուղում, սիրում են գյուղն ու իրենց տունը, սակայն կրկին դժգոհում են գյուղի պայմաններից, մարդկանց մտածելակերպից. «Մարդիկ սկսել են մեկուսանալ, միմյանց նկատմամբ հոգածությունն ու սերը պակասել է», – նկատում է հարցվողներից մեկը:
«Համեմատած այլ գյուղերի, – պատմում է մեղվապահ Կամո Պետրոսյանը (74 տ.) Արենիից, – մեր երիտասարդները ամուր կապված են գյուղին»: Իսկ հատկապես մեծ տարիքում, ինչպես նշում է նույն գյուղի վաստակավոր ուսուցիչ Խաչիկ Խաչատրյանը (79 տ.), մարդը հիշողությամբ է ապրում և իր ծննդավայրից հեռու մնալ չի կարող: Հետաքրքիր է, որ մարդկանց իրենց հայրենի գյուղին ոչ միայն ընտանիքն ու տունն են կապում, այլ նաև հողի դժվարին աշխատանքը: Սիրանույշ տատն իր կյանքը չի պատկերացնում առանց հողի աշխատանքի․ «…կարոդըմ եմ ֆողի աշխադանքը, որ մին օր բարը-բախչես տենըմ չեմ, ըլըմ չի»: Իսկ տիկին Էլմիրան գտել է մարդկությանը առողջացնելու բանաձևը․ «Որ ամեն մարդ իր տեղում լավ մասնագետ լինի, մարդկությունը կառողջանա»:
Եթե ամփոփենք, տեսնում ենք, որ դեռահասները, երիտասարդները (մինչև 25տ.) կյանքի ու իրենց հնարավորությունների մասին ունեն լավատեսական պատկերացումներ: Ծնողների օգնությամբ բավարարած լինելով ֆիզիոլոգիական, անվտանգության, պատկանելության պահանջմունքները՝ մտածում են ճանաչման, ինքնաիրացման մասին: Ինքնաիրացման նպատակով շատ հաճախ ձգտում են բնակավայրի փոփոխության՝ դեպի ավելի բարեկեցիկ ու հնարավորություններով լի միջավայր: Իսկ քանի որ այս տարիքում սեփական փորձն ու պատկերցումները կյանքի մասին քիչ են, ոչ լիարժեք ձևավորված, կյանքի ցանկալի մոդելների բաղադրատոմսեր այս խումբը հաճախ վերցնում է շրջապատից՝ «բոլորն են ձգտում Երևան», լրատվամիջոցներից, համացանցից՝ «Եվրոպա, Ամերիկա՝ մեծ հնարավորություններ, բիզնեսներ, երգչուհի, պարուհի, դիզայներ»: Մարզաբնակների համար երազանքների իրականացման էպիկենտրոնը մայրաքաղաք Երևանն է, երևանաբնակների համար՝ արտասահմանը: Այնուհետև, երբ երիտասարդները կրթվում են ու փորձում ինքնաիրացվել աշխատաշուկայում, անկախանալ ծնողներից և ինքնուրույն ապրել, մեխանիկորեն հայտնվում են հացի ու կացի ձեռքբերման փնտրտուքների մեջ: Հետո գալիս է կյանքի մյուս փուլը՝ ընտանիք կազմելու, սակայն շատերը մնում են այդպես էլ ոչ լիարժեք իրացված: Ապա սկսում են ապրել երեխաների համար (35-45 տարեկաննները հատկապես), այնուհետև՝ երեխաների ասածով (45-ից բարձր) և փոփոխությունը, նորի ու լավի ձեռքբերումը իրենց համար համարում են ուշացած: Ստացվում է, որ շատերը այդպես էլ մնում են «յոլա գնալու» շրջանակում և չեն հասցնում ապրել իրենց պատկերացրած լիարժեք կյանքով:
ACTV նախագիծ
Ֆոկուս արվեստի ՀԿ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025,
Չարենցի փ. 4 շ. բն. 37
էլ. հասցե` actv@focus.org.am
Հեռ. +374 55 781874
ACTV նախագիծ. Ֆոկուս արվեստի ՀԿ Բոլոր նյութերն օգտագործելի և տարածելի են՝ միմիայն հեղինակի անունը նշելու և կայքի ակտիվ հղումը տեղադրելու պարտադիր պայմանով և ոչ առևտրային նպատակներով։ ACTV project. Focus Art NGO. All content on the website is free for use for non-commercial purposes and share-alike provided that authors and active links of materials are mentioned.