Մեր քաղաքական ու սոցիալական բառապաշարի ոչ պակաս կարեւոր տարրերից է հեղինակությունը, որը եւս կարող է նույնացվել իշխանության հետ, եւ իշխանության հետ այդ նույնացումն ունի իր որոշակի պատճառները: Հեղինակությունն իբրեւ այդպիսին, ստուգաբանական առումով, ենթադրում է, որ կա ինչ որ մեկը, ով հեղինակ է` իր սեփական գործողությունների, խոսքերի սկիզբը դնողն է: Անգլերենում authority-ին շատ դեպքերում անհրաժեշտ է թարգմանել իշխանություն, լիազորում, երբեմն թույլտվություն, տիրապետություն, սուվերենություն: Հետեւաբար` թարգմանությունը authority-ի բառի ենթադրում է, որ նրբորեն պետք է հասկանալ տվյալ տեքստի բովանդակությունը եւ հեղինակի հայեցակարգն ընդհանրապես: Պետք է ասել, որ լատիներեն auctor (հեղինակ) կամ auctoritas (հեղինակություն) ենթադրել է նախնական իմաստով մեկը, ով կարող է ոչ միայն ստեղծագործական ակտ իրականացնել, այլեւ, երկրորդ իմաստով, մեկն է, ով աճեցնում, կատարելագործում է մեկ ուրիշի գործողությունը: Հեղինակը նա է, ով կարող է սկիզբ դնել որոշակի գործողության կամ ստեղծագործական ակտ իրականացնողն է, եւ հեղինակը նա է, ով կատարելագործում է մեկ ուրիշի արդեն իրականացրած գործողությունը:
Հաննա Արենդթի համոզմամբ` հունական աշխարհին հեղինակության ֆենոմենը ծանոթ չի եղել: Սա տիպիկ լատինական աշխարհում ձեւավորված հասկացություն է եւ ուղղակի առնչություն ունի Հռոմ քաղաքի հիմնադրման հետ, որը սրբացվել է: Եւ հեղինակությունն անհրաժեշտ էր անընդհատ այդ հիմքը պահպանելու եւ նորոգելու համար: Այդ պատճառով առանձնացվում էր որպես կանոն potestas-ը` զորությունն է, կամ եթե թարգմանենք, իշխանությունը եւ auctoritas-ը` հեղինակությունը, որով օժտված էր սենատը` ի տարբերություն ժողովրդի, ինչն օժտված կամ ով օժտված էր potestas-ով: Հռոմեական պատկերացմամբ այդ հեղինակությունն է լիազորում ժողովրդին իր գործողությունը կատարելու կամ այլ կերպ ասած` կատարելագործում էր ժողովրդի իրականացրածը: Ընդհանրապես պիտի ասել, որ ինչպես իշխանության դեպքում, հեղինակությունը նույնպես համարվել է ուժ եւ կարողություն, եւ ամենեւին բացառված չէ, որ կարելի է հեղինակությամբ գալ իշխանության եւ իշխանությամբ` հեղինակության, որովհետեւ հեղինակության աղբյուրներն իրականում շատ են: Հեղինակության աղբյուրը կարող է լինել տարիքը, սեռը, մասնագիտությունը, գիտելիքները, եւ եթե դուք ունեք հեղինակություն, այսինքն` ինչ որ մի գործողություն լիազորելու եւ ինչ-որ մի գործողություն կատարելագործելու իրավունք, ապա Ձեր հեղինակությունը, ինչը պայմանավորված է դիրքով, Ձեզ հնարավորություն է տալիս բանեցնելու իշխանություն, այսինքն` արդյունավետ ազդելու:
Ժամանակակից փիլիսոփա Ջորջիո Ագամբենը նշում է, որ հեղինակության եւ իշխանության հարաբերությունները մի կողմից փոխլրացնող են, մյուս կողմից` հակամարտական, որովհետեւ հեղինակությունը ինքն իր բնույթով անոմիկ է, այսինքն` նորմերին չի ենթարկվում:
Թ. Հոբբսն ասում էր, որ հեղինակությունը գործելու իրավունքն է, իսկ եթե հիշենք, որ իրավունքը ազատությունն է բնական իրավունքի տեսության մեջ, հետեւաբար` հեղինակությունները նրանք են, ովքեր կարծես ազատագրված են նորմերից` ի տարբերություն իշխանության, որը ճիշտ հակառակը ենթարկվում է նորմերին: Ստացվում է իշխանությունը, որը ենթարկվում է նորմերի, լիազորվում է անոմիկ երեւույթի` հեղինակության կողմից, որովհետեւ հեղինակությունը կարող է կասեցնել, դադարեցնել եւ կարող է լիազորել իշխանության գործունեությունը: Սակայն հեղինակությունը հեղինակություն է, այսինքն` ինքն իրեն կարող է հաստատել իբրեւ այդպիսին, միայն իշխանության գոյության դեպքում: Այդ պատճառով Ջ. Ագամբենը համարում է, որ իշխանության ու հեղինակության հարաբերությունները ոչ միայն հակամարտական են, այլեւ` փոխլրացնող:
Ընդհանրապես հեղինակությունը որպես կանոն հղում է լեգիտիմությանը եւ իրավունքին: Հարցն այն է, թե ինչու՞ է հեղինակությունը պահանջում լեգիտիմություն: Հեղինակություն կարելի է լինել, եթե հավատ կա, օրինակ՝ տվյալ անձի, տվյալ դիրքի նկատմամբ: Առանց հավատի գոյության չի կարող լինել հեղինակություն: Եւ այստեղ պետք է հիշել Մարքս Վեբերին, ով տիրապետությունը եւ հեղինակությունը նույնացնում է` համարելով, որ հեղինակությունը իշխանության տեսակ է, երբ մարդը կամ որոշակի սոցիալական խումբ իր կամքը պարտադրում է կամ փաթաթում մեկ ուրիշ խմբին: Բայց որպեսզի այն լինի իսկապես հեղինակություն կամ լինի իբրեւ տիրապետություն, նրա նկատմամբ պետք է լինի հավատ: Այդ հավատի համար նա առաջարկում է տարբեր միջոցներ, օրինակ, իրավակարգը, կամ օրենքները կարող են լինել տիրապետության կամ հեղինակության հավատի աղբյուրը, ինչպես ռացիոնալ կամ լեգալ տիրապետության դեպքում է: Օրինակ` հեղինակության նկատմամբ հավատի աղբյուր կարող է լինել ավանդույթը, ինչպես իր հայտնի ավանդական լեգիտիմության կամ ավանդական տիրապետության ձեւում է: Այդ պատճառով է Մ. Վեբերն առանձնացնում լեգալ, ավանդական եւ խարիզմատիկ տիպի տիրապետման ձեւեր: Բայց այն ինչ իսկապես էականորեն տարբերում է հեղինակությունը իշխանությունից, ոչ միայն նրա լեգիտիմությունն է, այլեւ` ընդգծված աստիճանակարգությունը: Օրինակ՝ երբ խոսում ենք իշխանության մասին, ապա բովանդակային առումով առաջին շեշտադրումը ավելի շատ փոխելու եւ ազդելու կարողության վրա է դրված, այնինչ` հեղինակության դեպքում ավելի շատ հղում է կատարվում դեպի դիրքը, իսկ դիրքը միշտ ենթադրում է հեղինակության դեպքում հարաբերություն վերեւից ներքեւ: Այսինքն` հեղինակությունը միշտ աստիճանակարգության վերեւում է, եւ հեղինակությունն է լիազորում մնացած բոլոր դիրքերը եւ մնացած բոլոր գործողություններն ու ակտերը: Սա հիշեցնում է նորպլատոնականության էմանացիայի գաղափարը, որտեղ արարչագործությունը վերին ձեւերից դեպի ստորին ձեւերն էր:
Հեղինակության ոչ պակաս կարեւոր կողմերից մեկն այն է, որ այն ենթադրում է անառարկելի ընդունում, այսինքն` հեղինակության որոշումները երբեւէ քննարկման չեն դրվում, այլ նրան հավատում են, եւ հեղինակությանը, ամենակարեւորը, կամավոր ենթարկվում են: Ընդհանրապես հեղինակությունների գոյության ընդունումը մեծապես կախված է տվյալ հանրույթի արժեքային համակարգից: Հաննա Արենդթը համոզված էր, որ մենք ապրում ենք մի աշխարհում որտեղ հեղինակությունները վարկաբեկվել են եւ հեղինակություններ չկան: Բայց այնուամենայնիվ հեղինակություններ միշտ կան պարզապես հարցն այն է, թե ո՞րն է հեղինակությունների աղբյուրը: Մարդիկ միշտ իրենց համար ստեղծում են հեղինակություններ, եւ այդ հեղինակությունների ստեղծման պատճառը լավ որսացել է հենց նույն Հաննա Արենդթը, ով պնդում էր, որ հեղինակությունը մեր փոփոխական աշխարհի կայունության երաշխիքն է: Հաննա Արենդթը գրում է. «…Հեղինակությունը խափանում է հարկադրանքի արտաքին միջոցների կիրառությունը. որտեղ կիրառվում է ուժը, այնտեղ հեղինակությունն ինքնին ձախողվում է: Մյուս կողմից` հեղինակությունն անհամատեղելի է համոզման հետ, ինչը ենթադրում է հավասարություն և գործում փաստարկման գործընթացի շնորհիվ»: Հաննա Արենդթի այս շեշտադրումը որ հեղինակությունը չի ենթադրում բռնության կիրառություն, հակառակ դեպքում դա հեղինակություն չէ, մի փոքր վիճելի է, այն պարզ պատճառով, որ եթե հասարակության մեջ մշակույթի մակարդակում լեգիտիմացվում է բռնությունը, ապա կարող են լինել դեպքեր, երբ միանգամայն ընդունելի կլինի հեղինակության կողմից բռնության կիրառումը:
Թե ինչու է հաճախ իշխանությունը եւ հեղինակությունը նույնացվում, իր արմատներն ունի հենց արդի դարաշրջանի եւ հատկապես հայտնի Թ. Հոբբսի ուսմունքի մեջ: Բանն այն է, որ Թ. Հոբբսի ուսմունքում, իհարկե, հեղինակը նա է, ով կարող է սկիզբ դնել գործողությունների եւ խոսքերի: Բայց երբ հեղինակը լիազորում է մեկ ուրիշին հանդես գալ իր անունից, ապա մեկ ուրիշը հանդես է գալիս հենց տվյալ անձի հեղինակությամբ, եւ հանձնելով իր իշխանությունը կամ զորությունը մեկ ուրիշին` ի վերջո գերագույն զորության ձեւավորմամբ ստացվում է, որ անձը նաեւ փոխանցում է իր հեղինակությունը մեկ ուրիշին: Հետեւաբար` գերագույն զորությունը իր հետեւից ձեւավորում է նաեւ գերագույն հեղինակությանը: Գերագույն իշխանության եւ գերագույն հեղինակության նույնացումն, ըստ էության, պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպես են հասկացել հեղինակության եւ իշխանության, հատկապես խոսքը գերագույն իշխանության եւ գերագույն հեղինակության մասին է, փոխհարաբերությունները սոցիալական պայմանագրի ուսմունքներում:
Նաիրա Մկրտչյան
Գրականություն
Ледяев В.Г., Власть: концептуальный анализ, РОССПЭН, М., 2001. http://filosof.historic.ru/books/item/f00/s01/z0001076/st000.shtml
Hannah Arendt, What is Authority? In: Between Past and Future. Six Exercises in Political Thought, The Viking Press, New York, 1961.
Giorgio Agamben, State Of Exception, The University of Chicago Press, Chicago and London, 2005.
ACTV նախագիծ
Ֆոկուս արվեստի ՀԿ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025,
Չարենցի փ. 4 շ. բն. 37
էլ. հասցե` actv@focus.org.am
Հեռ. +374 55 781874
ACTV նախագիծ. Ֆոկուս արվեստի ՀԿ Բոլոր նյութերն օգտագործելի և տարածելի են՝ միմիայն հեղինակի անունը նշելու և կայքի ակտիվ հղումը տեղադրելու պարտադիր պայմանով և ոչ առևտրային նպատակներով։ ACTV project. Focus Art NGO. All content on the website is free for use for non-commercial purposes and share-alike provided that authors and active links of materials are mentioned.