«Նարատիվ» բառը փորձելով թարգմանել հայերեն՝ ես հարմար գտա օգտագործել «պատում» բառը: Չգիտեմ՝ որքանով հաջող, բայց ես իմ դասերի ժամանակ օգտագործում եմ այդ բառը նարատիվ բառի հետ հավասար կամ նրա փոխարեն: Պատում բառը ունի առավելություն մեզ հայտնի մյուս բառերի նկատմամբ նրանով, որ որոշ ընդհանրացված իմաստ ունի` հերոսապատում, հայապատում…
Կարճ սահմանում՝ ինչ է պատումը: Պատումը լեզվի կազմակերպումն է որոշակի կառույցի մեջ, որով այն ձեռք է բերում իրադարձությունների մասին կապակցված և կարգավորված ձևով տեղեկացնելու հատկություն։ Այն ենթադրում է հաջորդականություն, որովհետև երբ պատում կա՝ մենք գիտենք. սկզբում պատահում է այս բանը, հետո պատահում է մի ուրիշ բան, հետո երրորդը և այն: Այն նաև ենթադրում է որոշ փոխհարաբերություններ տարբեր բաների միջև. իրադարձությունները, որոնք պատահում են, ինչպես են դրանք շարադրվում, ինչ տեսանկյունից են շարադրվում, ով է պատմողը, ինչ փոխհարաբերություն է հաստատվում ասողի և լսարանի միջև և այլն:
Կա մի տիրույթ, հետազոտական բնագավառ, որն արդեն վաղուց ուսումնասիրում է պատումը, որն ունի անուն. նարատալոգիա կամ, եթե ընդունում ենք պատում բառը, պատում(ն)աբանություն: Բնագավառի ձևավորման ակունքներում սովորաբար զետեղվում են ռուս ֆորմալիստները, մասնավորապես՝ այս իմաստով ավելի հայտնի հեղինակներ՝ Վլադիմիր Պրոպը և Վիկտոր Շկլովսկին։ Հետագայում, այս ոլորտը տարածվում է նաև այլ երկրներում և մասնավորապես Ֆրանսիայում բնագավառը զարգացվում է ստրուկտուրալիստների և պոստստրուկտւորալիստների կողմից՝ Ռոլան Բարտից մինչև Ցվետան Տոդորով և ուրիշներ:
Պատումի տեսությունը պահանջում է տարբերակում պատումի երկու կողմերի, եթե օգտագործենք ռուս ֆորմալիստների ընդունած տերմինաբանությունը, ֆաբուլայի և սյուժեի միջև։ Առաջինը գործողությունների կամ իրադարձությունների հաջորդականությունն է, որտեղ իրադարձություններն ընկալվում են որպես սյուժեի մեջ իրենց դրսևորումից անկախ մի բան: Երկրորդը իրադարձությունների ներկայացումը կամ բուն պատմողությունն է։ Այսինքն, մի կողմից, պատմությունը՝ որպես իրադարձությունների հաջորդականություն (ինչպես այն ենթադրաբար տեղի է ունեցել) և, մյուս կողմից, պատմությունը՝ ինչպես այն ի հայտ է գալիս բուն պատմողության մեջ։
Մեկ այլ կարևոր հարց է, ինչպես արդեն հիշատակեցի, տեսակետը, որից պատմությունը արվում է: Կարևոր է, թե ում տեսանկյունից է արվում պատմողությունը, և, ըստ այդմ, նկարագրությունը այն բանի, թե ինչն է, ասենք, վեպի կամ պատմվածքի մեջ պատկանում պատմողի տեսանկյանը: Մի բան, որ ինքնին ենթադրում է տարբերակում բուն իրադարձությունների և դրանց պատումային ներկայացման միջև։ Ով որ պատմում է՝ նա գալիս է իր ձայնով, իր տեղից, իր համոզմունքներով և այլն:
Թե ֆաբուլայի, թե սյուժեի մեջ դրսևորվում է գաղափարաբանության աշխատանքը։ Ինչպես է սկսվում և ավարտվում պատումը, ինչպես է առաջ մղվում իրադարձությունների ընթացքը, ինչ հարցեր են առաջանում և ինչ պատասխաններ տրվում, ինչ գերադասելի ընթերցում է առաջարկվում լսարանին։ Այս ամենի մեջ հաճախ առաջին պլան են մղվում տիրապետող մշակութային համոզմունքները։
Կախված այն բանից, թե սյուժեի մեջ ինչպիսի անհատներ են ընտրվել որպես գործող անձինք. հերոսներ և չարագործներ, հանցագործներ և զոհեր, կարող են վերարտադրվել ստերեոտիպային պատկերացումներ որոշակի տեսակի անհատների և սոցիալական խմբերի մասին։ Այսինքն՝ պատումը միշտ օգտագործում է մշակութային համոզմունքների և նախապատվությունների ողջ պաշարը, որտեղից էլ գալիս է այն հիմնարար ենթարդությունը, թե բոլոր պատումները գաղափարաբանական են, միշտ գաղափարաբանության կամ մի քանի գաղափարաբանությունների արտահայտությունն ունեն իրենց մեջ:
Այսպիսով, պատումային հորինվածքի, որոշակի ստեղծագործության համար գաղափարաբանությունը կարող է դիտվել որպես արժեքների այն շրջանակը, որ սնում է պատումը, որից պատումը ստանում է իր ուժը։ Այս շրջանակը ներմուծում է հիերարխիային փոխհարաբերություն այնպիսի ընդդիմադիր անդամների զույգերի միջև, ինչպես իրականը և կեղծը, բարին և չարը, արդարը և անարդարը, գեղեցիկը և տգեղը։ Այս նախապատվությունները կարող են բացահայտորեն ազդարարվել տեքստում, բայց կարող են նաև մնալ պակաս բացահայտ, ինչն ավելի հաճախ է պատահում հատկապես լավ տեքստերում։
Այստեղ վճռական է ընթերցողի, ընդհանուր բառով ասած՝ լսարանի դերը։ Ընթերցողը կարող է ի հայտ բերել և ամբողջովին ընդունել այդ հիերարխիան, որը կա պատումի մեջ: Սա մի ծայրահեղությունն է: Միջին դիրքում՝ նա կարող է որոշ մասը ընդունել, որոշ մասը անտեսել: Վերջապես, երրորդ դեպքում նա կարող է ամբողջովին անտեսել այդ գաղափարաբանական կառույցը։ Ուրեմն, ընթերցողն է, որ ի մի է բերում հորինվածքում առկա գաղափարաբանությունը, բայց ընդհանուր առմամբ՝ մեկնաբանության հնարավոր բոլոր տարբերակներն առաջ են գալիս երեք տարրերի փոխազդեցությունից. տեքստը, սոցիալական համատեքստը և ընթերցողը։
Գրական տեքստերի գաղափարաբանության ուսումնասիրությունն ունի որոշակի նախապատմություն։ Վեպը մասսայականություն ստացավ բուրժուազիայի առաջացման շրջանում, և այդ ժամանակ էր, որ հորինվեց գաղափարաբանություն տերմինը: Եւ քանի որ վեպը սկսեց ուսումնասիրվել հիմնականում որպես բուրժուական ժանր, զարմանալի չէ, որ պատումային հորինվածքի և գաղափարաբանության ուսումնասիրությունները հաճախ համատեղվում են։ Նման մի բան տեղի ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ Երրորդ աշխարհի նախկին գաղութներում վեպը ստացավ ետգաղութային ժանրի հանգամանք, և վեպի վերլուծությունը դարձավ ետգաղութատիրության և գաղութային դիսկուրսի ուսունասիրության միջոց։ Ընդհանուր առմամբ, գաղափարաբանության գրական ուսումնասիրության նպատակն է՝ բացահայտել կապը գրական դաշտի և սոցիալական իրողությունների միջև։
Այդուհանդերձ, պատումը հավասարապես վերաբերում է և գեղարվեստական, և ոչ գեղարվեստական տեքստերին՝ վեպից ու կինոնկարից մինչև վավերագրություն և լուրեր։ Բոլորի մեջ էլ օգտագործվում են ներկայացման նույն տեխնիկաներն ու պայմանականությունները, բանակցվում են նույն մշակութային արժեքներն ու համոզմունքները։
Ավելին, ինչպես պնդում է Ֆրեդրիկ Ջեյմսոնը, դժվար է մտածել աշխարհի մասին (այնպես), ասես այն գոյություն ունենար պատումից դուրս։ Սա չի նշանակում, թե մենք ստեղծում ենք պատմություններ աշխարհի մասին՝ այն հասկանալու համար։ Ջեյմսոնի պնդումը շատ ավելի արմատական է: Նա փաստորեն ասում է՝ աշխարհը մեզ է հասնում պատմությունների տեսքով։
Ըստ էության՝ պատմագրությունը պատմում է պատմություն իրադարձությունների մասին և կազմակերպում իրադարձությունները պատումային ձևերի մեջ։ Ֆիզիկոսները, օրինակ, քվանտային մեխանիկայում, պատմում են պատմություն միկրոտարրերի մասին, աստղաֆիզիկոսները՝ տիեզերքի, տիեզերական մարմինների մասին, բժիշկները՝ հիվանդության մասին (մեզ լավ հայտնի փաստաթուղթը հենց այդպես էլ կոչվում է. «հիվանդության պատմություն»), մարդիկ՝ իրենց մասին՝ ինքնակենսագրության տեսքով, ազգերն իրենք իրենց ներկայանում են ազգային պատումների տեսքով: Այս օրինակները ցույց են տալիս պատումների ամենահասությունը։
Ֆրանսիացի փիլիսոփա Ժ.-Ֆ. Լիոտարը նկարագրում է ետարդիությունը (պոստմոդեռնը) որպես մի վիճակ, որը մարմնավորում է մետապատումների (մետանարատիվների) ավարտը։ Ըստ Լիոտարի՝ արդիական կացության մեջ արդիության բոլոր մեծ պատումները, ինչպես, օրինակ, Լուսավորության, առաջընթացի պատումները, կորցրել են հավաստիությունը։ Նա կարծում էր, որ արդիական դիսկուրսներն իրենց լեգիտիմության համար դիմում են այս կամ այն մեծ պատումին, բայց ետարդիության գալուստը ազդարարում է մեծ պատումի լեգիտիմացնող գործառույթի, տարասեռ պատումներին փոխհամաձայնություն պարտադրելու ունակության ճգնաժամը։ Սա ցույց է տալիս պատումի կարևորությունը արդիությունից ետարդիություն անցման արևմտյան տեսությունների համար։ Բայց Լիոտարի քննադատներն այս առնչությամբ կարող են նկատել, որ Լիոտարը մեծ պատումների վերջի մասին ստեղծում է իր մեծ պատումը…
Ինչևէ, պատումները իմաստի ստեղծման գործիքներ են, անփոխարինելի միջոց անձնական ու հավաքական ինքնությունների կառուցման, մարդու ժամանակի և տարածության փորձառությունն իմաստավորելու, անցյալ ու ներկա իրադարձությունները հասկանալու և ապագան ուրվագծելու համար։
Հարկ է նկատել, սակայն, որ իրադարձությունները՝ պատմական կարևորագույն անցքերից մինչև մերօրյա դեպքերը, պատմության դասագրքերում տեղ գտածներից, ինչպես Ավարայրի ճակատամարտը, մինչև, ասենք, ակտիվիստների ցույցը Երևանում, որի մասին գուցե պատմեն հեռուստատեսային լուրերի երեկոյան թողարկումները, բնավ նախատեսված չեն պատումի կաղապարի մեջ մտնելու համար։ Իրադարձությունը և պատումը նույնը չեն, թեև իրադարձությունների մասին մենք միշտ իմանում ենք պատումների տեսքով: Բայց հենց պատումի մեջ հայտնվելով է, որ պատմական իրադարձությունները ձեռք են բերում այս կամ այն իմաստը, և, օժտվելով շարունակականությամբ, առնչվում ներկայի հրամայականներին և ապագայի հնարավոր սցենարներին։
Վերադառնանք գաղափարաբանության հասկացությանը: Ազգային պատումների մեջ գաղափարաբանությունը կարող է գործել, ասենք, կապեր հաստատելով ազգային անցյալի փառահեղ դրվագների, տխուր ներկայի և ակնկալվող արժանապատիվ ապագայի միջև՝ դրանով իսկ բարոյական ուղերձներ հղելով անհատներին և ամբողջ հավաքականությանը։ Այսինքն, ազգին պատմական գոյություն, վաղնջականություն, դեպի անհիշելի ժամանակները հասնող արմատներ և մյուս կողմից՝ շարունակականություն, որ ըստ էության նշանակում է՝ հավերժականություն, վերագրելու այդ արարքը կատարվում է պատումների մեջ նրան զետեղելու միջոցով։
Եւ ամփոփելով պատում-գաղափարաբանություն փոխհարաբերությունը՝ նկատենք, որ տիրապետող գաղափարաբանությունների նկատմամբ պատումների այսպիսի գերզգայունության փաստը և գաղափարաբանական թակարդները շրջանցելու ցանկությունը ստիպել է շատերին՝ փնտրել արտահայտության ոչ պատումային կամ հակապատումային ձևեր գրականության մեջ, կինոյում և այլուր։
Հրաչ Բայադյան
Գրականություն
H. Porter Abbott, The Cambridge Introduction to Narrative, Cambridge: Cambridge University Press, 2002.
David Herman (ed.), The Cambridge Companion to Narrative, Cambridge: Cambridge University Press, 2007.
http://www.lhn.uni-hamburg.de/ եւ http://www.cla.purdue.edu/english/theory/
ACTV նախագիծ
Ֆոկուս արվեստի ՀԿ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025,
Չարենցի փ. 4 շ. բն. 37
էլ. հասցե` actv@focus.org.am
Հեռ. +374 55 781874
ACTV նախագիծ. Ֆոկուս արվեստի ՀԿ Բոլոր նյութերն օգտագործելի և տարածելի են՝ միմիայն հեղինակի անունը նշելու և կայքի ակտիվ հղումը տեղադրելու պարտադիր պայմանով և ոչ առևտրային նպատակներով։ ACTV project. Focus Art NGO. All content on the website is free for use for non-commercial purposes and share-alike provided that authors and active links of materials are mentioned.