Այսօր ականատեսն ու մասնակիցն ենք հայաստանյան հասարակական կյանքի զարգացման նոր փուլի, որի կենտրոնական հարցերից մեկը հանրային ոլորտ հասկացության, հանրայինի և մասնավորի հարաբերության վերանայումն է։ Մտավորական այս աշխատանքը կարող է ունենալ վճռորոշ ազդեցություն հասարակական գործընթացների ծավալման վրա։
Այս գործում կարևորագույն դեր ունի մեդիան։ Այն մի կողմից հանդիսանում է մեյնսթրիմ պրոպագանդայի և ձեռնածությունների գլխավոր գործիք, մյուս կողմից, որոշ ըմբռնմանբ, դրան դիմադարձելու հնարավորություն։ Մեդիան ինքնին հարցի տակ առնելը կարևոր հանձնառություն է, բայց պրակտիկ հարթության մեջ ալտերնատիվ հարթակները հաճախ միակ հասանելի միջոցն են որոշ խնդիրներ հանրային օրակարգ ներմուծելու կամ հրատապ տեղեկատվություն տարածելու համար։
ACTV առցանց վիդեո նախագիծը իրականացվում է 2012-ից ի վեր։ Մինչ 2016-ի աշուն այն գործում էր «Ուտոպիանա․ամ» մշակութային-ստեղծագործական հասարակական կազմակերպության շրջանակում, իսկ այժմ՝ «Ֆոկուս» արվեստի հասարակական կազմակերպության։ Մեր ռազմավարությունը արվեստի հնարներով վերը նշված գործընթացներն ուսումնասիրել, հետազոտել և լուսաբանելն է։ Ինչպես նաև քննական մտածելակերպ խթանող գիտությանը աջակցել և առաջ մղելը։
Այս նպատակով ACTV-ն ստեղծել է բաժիններ, որոնցից այժմ գործում են չորս հիմնական հարթակ՝
Հետազոտելով հանրային տարածքը: Լինելով երկարատև հետազոտական գործընթաց՝ այս հարթակը նպատակ ունի ուսումնասիրել, ճանաչել և արվեստի հնարներով լուսաբանել ծանոթ ու անծանոթ, հանրության կողմից որպես այդպիսին գիտակցված և/կամ անտեսված հանրային տարածքները: Շեշտը հատկապես դրվում է բողոքի ցույցերի և դրանցում զանազան դրսևորումների փաստագրման վրա:
Հոլովակ: Այս բաժինը ունի երկու ենթաբաժին՝ հակագովազդ
(գովազդի պարոդիաներ, որոնք փորձում են խնդրականցնել լայն հասարակության մեջ գործող որոշ պատկերացումներ) և սոցիալական (զանազան սոցիալական խնդիրներին վերաբերող կարճ տեսանյութեր):
Դիմանկար: Ի՞նչպիսի մարդիկ են մասնակցում սոցիալական նախաձեռնություններին, ինչպե՞ս է անդրադառնում մասնակցությունը նրանց մտածողության փոփոխության և անձնական կյանքի վրա, ինչու՞ են նրանք շարունակում ակտիվ մնալ հանրային կյանքում: Ֆիլմաշարում նաև շոշափվում են անհատի, փոքր խմբերի և ավելի մեծ հանրույթների փոխներգործության նրբություններ ու դրվագներ:
Վիդեոբառարան: Տաղավարային նկարահանումներ․ տարբեր գիտնականներ բացատրում են քննական մտքի տիրույթի եզրեր, որոնք իրար հետ գտնվում են տրամաբանական կապի մեջ։
Նախագիծը տարբեր փուլերում իրականացվել է տարբեր դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, ինչպես նաև, որոշ պահերի, սեփական ռեսուրսների և կարողությունների միջոցով: